Հունվարի 19-21-ը Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ), «ՄԿՈՒ հաստատությունների դասախոսների հետազոտական և թվային կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակներում՝ Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամի աջակցությամբ, իրականացրեց ագրարային ուղղության ՄԿՈՒ դասախոսների վերապատրաստման ծրագիր՝ նպատակ ունենալով զարգացնել նրանց հետազոտական և թվային կարողությունները։
Վերապատրաստումը կենտրոնացած էր այնպիսի մեթոդների վրա, որոնք ուսանողներին օգնում են զարգացնել տվյալների հավաքագրման, վերլուծության և հիմնավորված եզրակացություններ անելու կարողությունները։
Հետազոտական մտածողության ձևավորում
Հետազոտական աշխատանքը սկսվում է խնդիրների ճանաչումից՝ որպես հետազոտության առաջին և կարևորագույն փուլ։ Ուսանողները սովորում են ուշադիր հետևել այն երևույթներին, որոնք փոփոխվում են կամ կարող են ազդել արդյունքի վրա։ Սա թույլ է տալիս բացահայտել հնարավոր պատճառահետևանքային կապերը և ձևակերպել հարցեր։
Վերապատրաստման ընթացքում շեշտադրվեց, որ հետազոտական աշխատանքը ներառում է.
- թեմայի կամ իրավիճակի ընտրություն,
- տեղեկատվության հավաքագրում,
- տվյալների հավաքագրում,
- վերլուծություն և եզրակացությունների ձևավորում։
Այս ծրագրի շրջանակներում դասախոսների վերապատրաստման նպատակն էր ոչ միայն զարգացնել ուսուցման հմտությունները, այլ նաև նպաստել ուսանողների մոտ հետազոտական մտածողության ձևավորմանը՝ մասնագիտական խնդիրներ լուծելու համար։
Դասախոսի դերն է ուղղորդել ուսանողին՝ ճիշտ թեմա ընտրելու, անհրաժեշտ տեղեկատվություն հավաքելու և տվյալներ վերլուծելու հարցերում։ Հետազոտական թեման պետք է լինի պարզ ու հասկանալի՝ կապված ուսանողի իրական մասնագիտական գործունեության հետ։
«ՄԿՈՒ հաստատությունների դասախոսների հետազոտական և թվային կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակներում իրականացված վերապատրաստման այս ծրագիրը նպատակ ունի ուսանողներին փոխանցել ոչ միայն տեսական գիտելիքներ, այլ նաև պրակտիկ հմտություններ՝ հետազոտական աշխատանքի միջոցով։