Մայիսի 23-ին Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) նախաձեռնությամբ տեղի ունեցավ Erasmus+ eCAMPUS ծրագրի երրորդ աշխատանքային խմբի (WP3) առաջին առցանց հանդիպումը: Հանդիպման ընթացքում ՈԱԱԿ Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի ղեկավար Վարդուհի Գյուլազյանը ներկայացրեց խմբի աշխատանքների մեթոդաբանությունն ու փուլերը:
Հանդիպման հիմնական նպատակն էր համաձայնեցնել թվային ուսուցման, ուսումնական գործընթացի և գնահատման ներքին որակի ապահովման համակարգի մշակման ուղեցույցները։ Քննարկվեցին հետագա քայլերը, որոնց թվում էին՝ ԵՄ լավագույն փորձի ուսումնասիրությունը, հայկական բուհերում հարցումների անցկացումը, կարիքների գնահատումն ու դրա հիման վրա քաղաքականության մշակումը և լավագույն փորձի զեկույցի կազմումը։
Նշենք՝ ՈԱԱԿ-ը համակարգում է երրրոդ աշխատանքային խումբը:
eCAMPUS ծրագիրը նպատակ ունի բարելավել թվային ուսուցման և ուսումնառության (ՈՒՈւ) որակը Հայաստանի բուհերում՝ մի շարք ռազմավարական նախաձեռնությունների միջոցով։ Դրանք ներառում են դասավանդողների թվային հմտությունների զարգացումը, թվային ՈՒՈւ-ի ներքին որակի ապահովման մեխանիզմների ներդրումը, համապատասխան թվային կրթական էկոհամակարգերի ձևավորումը մոդելային ենթակառուցվածքով, նորարարական կրթական պրակտիկայի ներմուծումը, ինչպես նաև աջակցող կարգավորող դաշտի ստեղծումը։