Ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացի շրջանակներում առաջիկայում արտաքին գնահատման փորձագիտական այց տեղի կունենա Երևանի պարարվեստի պետական քոլեջ։
Դեկտեմբերի 11-ին ՈԱԱԿ-ում հանդիպում տեղի ունեցավ քոլեջների փորձագիտական խմբի, ՈԱԱԿ տնօրենի և համակարգողի մասնակցությամբ:
Քննարկվեցին նախնական գնահատման արդյունքում դուրս բերված հիմնական խնդիրները և հիպոթեզները, որոնք փորձագետները դիտարկելու են արտաքին գնահատման ժամանակ։
Քննարկման առանցքային թեմաներն էին․
- Ինչպես է տեղի ունենում ուսանողի գնահատումը ՄՈՒՀ-ում, գնահատման ինչպիսի չափանիշներ են կիրառվում, ինչպիսին է ձևավորող գնահատման փորձը։
- Որքանով է ուսուցումն ու ուսումնառությունը վերջնարդյունքահե, ինչպես է ապահովվում սահմանված վերջնարդյունքների ձեռքբերումը և գնահատումը։
- Ինչպես է տեղի ունենում վերջնական գնահատումը և արդյոք կիրառվող մեթոդաբանությունը հնարավորություն է տալիս հավաստել ՄԿԾ-ով սահմանված բոլոր վերջնարդյունքների ձեռքբերման հավաստումը։
Ինչ առաջադրանքներ են հանձնարարվում ուսանողին, ինչպես է ապահովվում հետադարձ կապը և ինչպես է ամրագրվում ուսանողի մասնագիտական առաջընթացը։
Ինչպիսին է տեսական և գործնական դասընթացների համադրությունը, արդյոք ուսանողների մոտ ձևավորվում է հետազոտողի մտածողություն, ինչ մեթոդաբանությամբ է դա իրականացվում։
Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաև արվեստի ոլորտի ՄՈՒՀ-երի դասավանդման ու գնահատման առանձնահատկություններին։ Շեշտադրվեց, որ արվեստի ոլորտում սովորողը պետք է ոչ միայն կատարող, այլև ստեղծագործող լինի։ Այդ համատեքստում ընդգծվեց հետազոտական մտածողության ձևավորման, գործնական և տեսական նյութերի փոխկապակցված ուսումնասիրության, ինչպես նաև առկա լավագույն փորձի ուսումնասիրության կարևորությունը։
Կարևորվեց ուսանողների անհատական պորտֆոլիոների առկայությանը, որը հնարավորություն է տալիս ներկայացնելու, արձանագրելու և փաստագրելու ուսանողի մասնագիտական զարգացման ընթացքը ուսումնառության ամբողջ ընթացքում։
Հանդիպման ավարտին կարևորվեց, որ փորձագիտական զեկույցն արտահայտի քոլեջի առանձնահատկությունները՝ ուշադրության կենտրոնում ունենալով ՄՈՒՀ-ի՝ ՄԿԾ-ների արդյունավետ իրականացման կարողությունը, իսկ խորհրդատվությունները միտված լինեն ուսանողակենտրոն միջավայրի և ՄԿԾ-ների բարելավմանը։