Ապրիլի 28-մայիսի 1-ը ՈԱԱԿ փորձագիտական խումբն ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացի շրջանակներում արտաքին գնահատում է իրականացնում Հայկական բժշկական ինստիտուտում:
Փորձագիտական խմբի ղեկավարն է ֆիզ․ մաթ․ գիտությունների թեկնածու, դոցենտ, Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի բնական գիտությունների ֆակուլտետի դեկան Հերմինե Գրիգորյանը։ Խմբի անդամներն են Մխիթար Գոշ հայ-ռուսական միջազգային համալսարանի դասախոս, կենսաբանական գիտությունների թեկնածու Նաիրա Հունանյանը, Վրաստանի Կրթության որակի բարելավման ազգային կենտրոնի (NCEQE) փորձագետ, Կանանց գիտական ասոցիացիայի նախագահ, «Գեոմեդի» համալսարանի դասախոս Նինո Չիչվեիշվիլին, Գերմանական AHPGS հավատարմագրման գործակալության գիտական խորհրդի նախագահ, Շվեյցարիայի երիտասարդ հետազոտողների (դոկտորական մակարդակ) ազգային աջակցության ծրագրի համակարգող, Ցյուրիխի տեխնիկական բարձրագույն դպրոցի (ETHZ) և Ցյուրիխի համալսարանի դասախոս Ռոլֆ Հոյսերը, ԵՊՀ Կենսաբանության ֆակուլտետի «Կիրառական մանրէաբանություն» ՄԿԾ ուսանողուհի Աստղիկ Համբարձումյանը:
Այցը համակարգում է ՈԱԱԿ Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի ղեկավար Վարդուհի Գյուլազյանը:
Մինչ այցը փորձագետներն ուսումնասիրել են բուհի ինքնավերլուծությունը, փաստաթղթային բազան, դասալսումներ և նախնական գնահատում իրականացրել: Այցի ընթացքում փորձագետները հանդիպումներ են ունեցել բուհի ռեկտորի, ուսումնական մասի ղեկավարի, հիմնադիր խորհրդի, ինքնավերլուծություն իրականացրած խմբի, դեկանների, ամբիոնների վարիչների, դասախոսների և ուսանողների ներկայացուցիչների հետ, իրականացրել են ռեսուրսների դիտարկում:
Մասնագիտական հանդիպում-քննարկումներ տեղի կունենան «Ստոմատոլոգիա» և «Բուժական գործ» կրթական ծրագրերի պատասխանատուների, դասախոսների և ուսանողների հետ:
Հանդիպումներ են նախատեսված ստորաբաժանումների ղեկավարների, կրթության որակի ապահովման պատասխանատուների, ներքին և արտաքին այլ շահակիցների հետ:
Այցից հետո փորձագետները զեկույց կկազմեն՝ ըստ ինստիտուցիոնալ հավատարմագրման 10 չափանիշների վերլուծելով բուհի գործունեությունը: Փորձագետները կմատնանշեն բարելավման ուղղությունները և համապատասխան խորհրդատվություն կմատուցեն, որի հիման վրա բուհը կկազմի թերությունների վերացման ծրագիր հստակ ժամանակացույցով:
Հաջորդիվ ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովը, ուսումնասիրելով փաստաթղթային փաթեթը և հանդիպումներ ունենալով ուսումնական հաստատության ներկայացուցիչների ու փորձագետների հետ, որոշում կկայացնի բուհին հավատարմագրում շնորհելու կամ հավատարմագրումը մերժելու մասին:
Նշենք, որ ՈԱԱԿ Հավատարմագրման հանձնաժողովը 2021-ին Հայկական բժշկական ինստիտուտին շնորհել է ինստիտուցիոնալ հավատարմագրում 4 տարի ժամկետով: