Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ), Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամի աջակցությամբ, մեկնարկում է «ՄԿՈՒ հաստատությունների դասախոսների հետազոտական և թվային կարողությունների զարգացում» ծրագրի վերապատրաստումների հիմնական փուլը։
Ծրագրի առանցքային նպատակն է ՄԿՈՒ համակարգում ձևավորել այնպիսի դասախոսական ներուժ, որը կկարողանա պատրաստել ոչ միայն հմուտ կատարողներ, այլև հետազոտողի մտածողությամբ, նախաձեռնող և փոփոխվող աշխատաշուկային արագ հարմարվող մասնագետներ։
Ինչո՞ւ է սա անհրաժեշտ այսօր
Հավատարմագրման արդյունքները և աշխատաշուկայի վերլուծությունները ցույց են տալիս, որ միայն տեսական գիտելիքը բավարար չէ։ Ժամանակակից ՄԿՈՒ դասախոսը պետք է տիրապետի հետազոտական գործիքակազմին, կարողանա ինքնուրույն վերանայել և արդիականացնել կրթական ծրագրերը՝ հիմնվելով իրական խնդիրների, տվյալների և վերլուծության վրա։
Այս մոտեցումը հնարավորություն է տալիս, որպեսզի ուսանողը կրթական միջավայրից դուրս գա ոչ թե պատրաստի կաղապարներով, այլ իրական մասնագիտական խնդիրներ վերլուծելու, եզրահանգումներ կատարելու և լուծումներ առաջարկելու կարողությամբ։
Վերապատրաստումները կկազմակերպվեն երեք փոխկապակցված փուլերով, որոնք դասախոսներին կուղեկցեն գաղափարից մինչև պատրաստի կրթական արդյունք։
I փուլ․ Հետազոտական մտածողության միջավայր և թվային գործիքներ
Առաջին փուլում մասնակիցները կծանոթանան այն մոտեցումներին և գործիքներին, որոնց միջոցով հնարավոր կլինի ուսումնական գործընթացում ձևավորել հետազոտական և ստեղծագործական միջավայր։ Նրանք կսովորեն, թե ինչպես կիրառել թվային գործիքները ոչ թե որպես հավելում, այլ որպես ուսուցման և հետազոտության կազմակերպման արդյունավետ միջոց՝ խթանելով ուսանողների ակտիվ ներգրավվածությունն ու ինքնուրույն աշխատանքը։
II փուլ․ Հետազոտական աշխատանքի քայլ առ քայլ մոդել
Երկրորդ փուլում մասնակիցներին կներկայացվի հետազոտական աշխատանքի ամբողջական շղթան՝ մասնագիտական խնդրի ձևակերպումից մինչև տվյալների հավաքագրում, վերլուծություն և օրինաչափությունների բացահայտում։ Դասախոսները կաշխատեն իրենց դասավանդած մոդուլների և թեմաների հիման վրա՝ կսովորեն ձևակերպել կիրառական հետազոտական հարցեր և դրանք վերածել ուսումնական առաջադրանքների։
III փուլ․ Հետազոտական արդյունքների ներդրում կրթական ծրագրերում
Երրորդ փուլում մասնակիցները կսովորեն, թե ինչպես ստացված վերլուծություններն ու եզրահանգումները կիրառել մոդուլային ծրագրերում և դասընթացների նկարագրերում։ Դասընթացները կներկայացվեն որպես ավելի կիրառական, խնդրահեն և աշխատաշուկայի պահանջներին համապատասխան՝ պահպանելով կրթական ծրագրի ընդհանուր տրամաբանությունն ու չափորոշիչները։
Վերապատրաստումների ժամանակացույցը
Վերապատրաստումները կանցկացվեն Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կենտրոնական մասնաշենքում (Նալբանդյան 128)։
Ագրարային ոլորտ – հունվարի 19–21
Վերապատրաստող՝ Անդրեաս Մելիքյան, գ.գ.դ., պրոֆեսոր
ՏՏ ոլորտ – հունվարի 20–22
Վերապատրաստող՝ Ռուբեն Թոփչյան, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ
Բժշկական ոլորտ – հունվարի 21–23
Վերապատրաստող՝ Իշխան Սոխակյան, բժշկական գիտությունների թեկնածու, գործող բժիշկ
Նշենք՝ ծրագրի հիմնական փուլին նախորդել են սեպտեմբերին իրականացված փորձնական վերապատրաստումները բժշկական, ՏՏ և գյուղատնտեսական քոլեջների ներկայացուցիչների համար։ Այդ ընթացքում փորձարկվել են վերապատրաստման նյութերը, որոնց արդյունքների հիման վրա ծրագիրը բարելավվել և հստակեցվել է։
Ակնկալվող արդյունքները
Ծրագրի ավարտին ակնկալվում է, որ շուրջ 80 ՄԿՈՒ դասախոս կունենա արդիականացված կրթական ծրագրեր և դասընթացների նկարագրեր՝ ուղղված տնտեսության համար ստեղծարար, հետազոտողի մտածողությամբ և կիրառական կարողություններով մասնագետների պատրաստմանը։
ՈԱԱԿ-ը շնորհակալություն է հայտնում Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամին և ծրագրում ներգրավված բոլոր փորձագետներին՝ ՄԿՈՒ համակարգում հետազոտական մտածողությամբ և նախաձեռնող մասնագետների ձևավորմանն աջակցելու համար։