Հունիսի 23-ին ՈԱԱԿ-ում տեղի ունեցավ հանդիպում «Գրիգորիս» բժշկա-հումանիտար քոլեջի փորձագիտական խմբի, ՈԱԱԿ-ի տնօրենի, ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի ղեկավարի և հավատարմագրման գործընթացի համակարգողի մասնակցությամբ. առաջիկայում ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացի շրջանակներում տեղի կունենա արտաքին գնահատման փորձագիտական այց քոլեջ:
Հանդիպման նպատակն էր ամփոփել նախնական գնահատման փուլում արձանագրված հիմնական դիտարկումները, դուրս բերված հիմնախնդիրները և այն հիպոթեզները, որոնց վրա փորձագիտական խումբը կկենտրոնանա քոլեջ այցելության ընթացքում։
Քննարկման առանցքում էր հարցը՝ արդյոք քոլեջը լիարժեք ապահովում է ուսումնական ծրագրերում սահմանված վերջնարդյունքների ձեռքբերումը և որքանով են շնորհված որակավորումներն արժանահավատ։ Կարևորվեց, որ այս հարցադրումը շարունակի մնալ փորձագետների ուշադրության կենտրոնում նաև արտաքին գնահատման փուլում։
Անդրադարձ կատարվեց նաև կրթական գործընթացի մի շարք բաղադրիչների, մասնավորապես՝ պրակտիկաների կազմակերպման ու գնահատման ընթացակարգերին, ռեսուրսային ապահովվածությանը, դասախոսական կազմի համալրմանը, այդ թվում՝ գործատու-դասախոսների ներգրավման մեխանիզմներին։ Քննարկվեց նաև ՊԻԳԲ շրջափուլի կիրառման ընթացիկ արդյունքները։
Քննարկման ավարտին կարևորվեց, որ փորձագետների խորհրդատվությունները լինեն հստակ ձևակերպված և իրագործելի՝ մատնանշելով ուսումնական հաստատությունների խնդիրների լուծման ուղիները, իսկ փորձագիտական զեկույցները պետք է պարունակեն ամբողջական և հիմնավորված տեղեկատվություն՝ հավատարմագրման հանձնաժողովին տվյալահենք և օբյեկտիվ որոշումներ կայացնելու հնարավորություն ընձեռելու համար։