Մայիսի 16-ին Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ) որակի ներքին ապահովման համակարգի մշտադիտարկում իրականացրեց Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջում։ ՄՈՒՀ-ը 2023 թվականին ստացել է ինստիտուցիոնալ հավատարմագրում 4 տարի ժամկետով։
Մշտադիտարկման նպատակն էր վեր հանել հավատարմագրման գործընթացի ազդեցությունը որակի ապահովման համակարգի, ուսումնական գործընթացների վրա, դիտարկել փորձագետների կողմից մատնանշված թերությունների վերացման ծրագրի իրականացման ընթացքը, առկա ձեռքբերումներն ու հնարավոր մարտահրավերները։
Մշտադիտարկման ընթացքում հանդիպում-քննարկումներ տեղի ունեցան քոլեջի ղեկավարության, դասախոսների, ուսանողների և որակի ապահովման պատասխանատուի հետ:
Քննարկման առանցքում հետևյալ թեմաներն էին․
Դասախոսական կազմի հզորացում և կարողությունների զարգացում․
- Գործատու դասախոսների ներգրավման մեխանիզմները,
- Դասախոսների մասնագիտական և մեթոդական վերապատրաստումների իրականացումը,
- Դասախոսների կարիքների գնահատման մեթոդաբանությունը,
- Վերապատրաստումից հետո ձեռք բերված փորձի տարածման եղանակները,
- Դասախոսների խրախուսման մեխանիզմները,
- Դասախոսների շրջանում անգլերենի իմացության մակարդակի բարձրացման ուղղությամբ իրականացվող քայլերը,
- Վերապատրաստումների արդյունավետության գնահատման մեխանիզմները։
Միջազգայնացում․
- Միջազգայնացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը,
- Փոխանակման և դրամաշնորհային ծրագրերին մասնակցության փորձերը,
- Բենչմարքինգի իրականացումն արտերկրի ուսումնական հաստատությունների հետ՝ բարելավման հնարավորությունների բացահայտման նպատակով։
Կրթական գործընթացում հետազոտական բաղադրիչի զարգացում․
- Հետազոտության զարգացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը քոլեջում,
- Դասախոսների և ուսանողների մասնակցությամբ իրականացվող հետազոտական նախագծերը,
- Հետազոտական բաղադրիչի ընդգրկումը պրակտիկայում,
- Ուսանողների՝ տվյալների հետ աշխատանքի և դրանք վերլուծելու կարողությունների ձևավորմանը միտված առաջադրանքները,
- Հետազոտական աշխատանքների գնահատման չափանիշները։
Ուսանողակենտրոնություն և ձևավորող գնահատում․
- Արդյոք ուսանողներին հանձնարարվում են գործատուի միջավայրից բխող առաջադրանքներ,
- Ինչպիսին է ձևավորող գնահատման փորձը քոլեջում, ինչպես է ուսանողը հետադարձ կապ ստանում դասախոսից,
- Ինչպես են գործատուի պահանջները և ոլորտի արդի զարգացումները ներկայացվում ուսանողին,
- Ինչպես է քոլեջը հավաստիանում, որ շրջանավարտներն ունեն աշխատաշուկայի կողմից պահանջված մասնագիտական կարողություններ և հմտություններ։
Այլընտրանքային ֆինանսական ռեսուրսների ներգրավում․
- Ինչ քայլեր է ձեռնարկում ուսումնական հաստատությունն ֆինանսական կայունությունը և աղբյուրների բազմազանությունն ապահովելու համար,
- ՄՈՒՀ-ի կողմից իրականացվող կարճաժամկետ ծրագրերը և այդ ուղղությամբ նախատեսվող հետագա քայլերը։
Մշտադիտարկման ավարտին ՈԱԱԿ մասնագետները հանդիպում ունեցան հաստատության ղեկավար կազմի հետ՝ քննարկելով ուժեղ կողմերն ու բարելավման հնարավոր ուղղությունները։ Մասնավորապես կարևորվեց՝ հետազոտական աշխատանքների գնահատման չափանիշների հստակեցումը, գործատու-դասախոսների կազմի ընդլայնումը, շրջանավարտների մասնագիտական առաջընթացի վերաբերյալ տվյալների պարբերական հավաքագրումը, ինչպես նաև ուսումնական պլաններում արդյունավետության գնահատման հստակ ցուցիչների սահմանումը։