Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) տնօրեն Ռուբեն Թոփչյանը նոյեմբերի 2-7-ը մասնակցել է Նիդեռլանդների Թագավորություն իրականացված ուսումնաճանաչողական այցին, որը կազմակերպվել է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հայաստանում» (ՄՀԶ ՄԿՈՒ) ծրագրի շրջանակներում։
Այցը նախատեսված էր ուսումնասիրելու Նիդեռլանդների մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) համակարգի լավագույն փորձը՝ Հայաստանի ՄԿՈՒ բարեփոխումներին նպաստելու նպատակով։
Ուսումնաճանաչողական այցի ընթացքում պատվիրակությունը ծանոթացել է Նիդեռլանդների ՄԿՈՒ համակարգի կառավարման, ֆինանսավորման, որակի ապահովման, աշխատանքի վրա հիմնված ուսուցման և մասնավոր հատվածի հետ համագործակցության փորձին։ Քննարկվել են կրթական հաստատությունների ինքնավարությանը, որակի արտաքին և ներքին գնահատման համադրմանը, ուսումնական ծրագրերի մշակման և գործատուների ներգրավման մեխանիզմներին վերաբերող հարցեր։
Պատվիրակությունը այցելել է մի շարք ոլորտային կառույցներ, մասնագիտական ուսումնական կենտրոններ և դիտարկել հանրային–մասնավոր գործընկերության հաջողված օրինակներ՝ ուսումնասիրելով համակարգի արդյունավետ գործելակերպը և դրա հնարավոր կիրառությունները Հայաստանի ՄԿՈՒ բարեփոխումների շրջանակում։
Քննարկումների ընթացքում առանձնացվել են այն ուղղությունները, որոնք կարող են ծառայել որպես Հայաստանի ՄԿՈՒ բարեփոխումների առաջիկա առաջնահերթություններ՝ մասնավոր հատվածի ներգրավման ընդլայնում, որակի ապահովման համակարգի զարգացում, աշխատանքի վրա հիմնված ուսուցման արդյունավետ մոդելների ներդրում, ինչպես նաև ոչ ֆորմալ ուսուցման արդյունքների ճանաչման մեխանիզմների կիրառում։
Հայկական պատվիրակության կազմում ընդգրկված են եղել ԿԳՄՍՆ-ի, Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ), Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ), Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնի (ՄԿՈՒԶԱԿ), Ուսուցման ազգային հիմնադրամի, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի, «Մասնավոր ոլորտի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հայաստանում» (ՄՀԶ ՄԿՈՒ) ծրագրի, ինչպես նաև ՄԿՈՒ հաստատությունների ներկայացուցիչներ։
Ուսումնաճանաչողական այցը կարևոր հնարավորություն էր միջազգային արդյունավետ փորձի ուսումնասիրման, հայաստանյան գործընկերների միջև համագործակցության ընդլայնման և ՄԿՈՒ ոլորտում շարունակվող բարեփոխումների ամրապնդման համար։