Ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացի շրջանակներում առաջիկայում արտաքին գնահատման փորձագիտական այց տեղի կունենա Շուշիի տեխնոլոգիական համալսարանի քոլեջ։ Հոկտեմբերի 1-ին ՈԱԱԿ-ում հանդիպում տեղի ունեցավ քոլեջի փորձագիտական խմբի ՈԱԱԿ տնօրենի, ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի ղեկավարի և համակարգողների մասնակցությամբ։
Քննարկվեցին նախնական գնահատման արդյունքում դուրս բերված հիմնական խնդիրները և հիպոթեզները, որոնք փորձագետները դիտարկելու են արտաքին գնահատման ժամանակ, ինչպես նաև փորձագիտական այցի առանձնահատկությունները։
Քննարկման հիմնական թեմաներն էին․
- Քոլեջի ռազմավարական ծրագրով սահմանված նպատակների իրագործելիությունը և այդ ուղղությամբ ձեռնարկվող համակարգային քայլերը,
- Արդյոք ՄՈՒՀ-ում առկա ռեսուրսները նպաստում կրթական ծրագրերի արդյունավետ իրականացմանը և սահմանված վերջնարդյունքների ձեռքբերմանը,
- Ապահովված է արդյոք դասախոսական կազմի կայունությունը,
- Ինչպիսին է գործատուների հետ համագործակցությունը, արդյոք ուսման ընթացքում ուսանողներին հանձնարարվում են գործատուի միջավայրից բխող առաջադրանքներ,
- Ինչպիսին է հետազոտությունը ՄՈՒՀ-ում, ինչ քայլեր են ձեռնարկվում հետազոտողի մտածողությամբ, վերլուծական կարողություններով պրակտիկ մասնագետներ պատրաստելու համար։
Կարևորվեց, որ ուսումնական ողջ գործընթացը միտված լինի ճիշտ խնդիրներ ձևակերպող, հետազոտող, տվյալներ հավաքագրող, վերլուծող և հիմնավոր որոշումներ կայացնող մասնագետի ձևավորմանը։
Քննարկվեց նաև, թե համեմատաբար նորաստեղծ ուսումնական հաստատության պարագայում ինչ շեշտադրումներ կարող է ունենալ փորձագիտական այցը։
Հանդիպման ավարտին կարևորվեց, որ փորձագետների խորհրդատվությունները լինեն հստակ ձևակերպված և իրագործելի՝ մատնանշելով ուսումնական հաստատությունների խնդիրների լուծման ուղիները, իսկ փորձագիտական զեկույցները պետք է պարունակեն ամբողջական և հիմնավորված տեղեկատվություն՝ հավատարմագրման հանձնաժողովին տվյալահեն և օբյեկտիվ որոշումներ կայացնելու հնարավորություն ընձեռելու համար։