Մայիսի 23-ին Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ) մշտադիտարկում իրականացրեց Հայաստանի ազգային ագրարային համալսարանում՝ դիտարկելու կրթության որակի ներքին ապահովման համակարգի ընթացիկ վիճակը, հավատարմագրման ազդեցությունը որակի ապահովման համակարգի վրա և թերությունների վերացման ուղղությամբ իրականացված քայլերը։
Մշտադիտարկման ընթացքում հանդիպում-քննարկումներ տեղի ունեցան համալսարանի ղեկավար կազմի, որակի ապահովման պատասխանատուների, ամբիոնների վարիչների, դասախոսների և ուսանողների հետ։
Քննարկման հիմնական ուղղություններն էին․
- ՄԿԾ-ների բարելավում․ դիտարկվել է կրթական ծրագրերի բարելավման պլանավորումը, նոր ծրագրեր ներդնելու ընթացակարգերը, ինչպես նաև դրանց նախահավատարմագրման նախապատրաստական քայլերը։
- ՄԿԾ-ների ներքին աուդիտի ընթացքը և արդյունքները․ անդրադարձ է եղել կրթական ծրագրերի պարբերական ինքնագնահատման մեխանիզմներին և արձանագրված արդյունքներին։
- ՄԿԾ-ներում հետազոտական բաղադրիչի ուժեղացում․ քննարկվել է ուսանողների վերլուծական կարողությունների ձևավորմանն ուղղված մոտեցումների և ձևավորող գնահատման արդյունավետության հարցը։
- Դասախոսական կազմի կարողությունների զարգացում․ բարձրացվել են դասախոսական կազմի համալրման, մասնագիտական զարգացման խթանման, ինչպես նաև բաց դասերի կազմակերպման հարցերը։
- Որակի ապահովման համակարգի զարգացում․ քննարկվել է որակի պատասխանատուների դերը ռազմավարական և գործառնական որոշումների կայացման մեջ, ինչպես նաև համակարգի կառուցվածքային ինքնավարության անհրաժեշտությունը։
- Արդյունքահեն կառավարման համակարգի զարգացում և կայունության ապահովում․ շեշտադրվել է որոշումների ընդունման համար անհրաժեշտ ցուցիչների սահմանման և տվյալների՝ ժամանակին հավաքագրման կարևորությունը։
- Ստորաբաժանումների միջև փոխգործակցություն․ անդրադարձ է եղել բուհի տարբեր ստորաբաժանումների միջև պլանների համաձայնեցման, տվյալների փոխանակման և համագործակցային մեխանիզմների կայացման հարցերին։
Մշտադիտարկման ավարտին ամփոփիչ հանդիպում տեղի ունեցավ համալսարանի ղեկավարության հետ, որտեղ մատնանշվեց ինչպես առկա դրական փորձը, այնպես էլ բարելավման ուղղությունները։ Կարևորվեց, որ բուհն ընդլայնի դասախոսական կազմի խրախուսման, ինչպես նաև մասնագիտական զարգացման ծրագրերը՝ հատկապես կրթական ծրագրերի բարելավման և հետազոտական աշխատանքների իրականացման ուղղությամբ։ Ընդգծվեց նաև գնահատման չափանիշների վերանայման անհրաժեշտությունը՝ ուսանողական առաջընթացի հստակ չափելիություն ապահովելու նպատակով։ Շեշտադրվեց չափելի գործունեության առանցքային ցուցանիշների կարևորությունը՝ սահմանված նպատակների իրականացումը և վերջնարդյունքների ձեռքբերումը գնահատելու համար։