Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամի աջակցությամբ իրականացվող «ՄԿՈՒ հաստատությունների դասախոսների հետազոտական և թվային կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակում սեպտեմբերի 29-30-ին անցկացվեց փորձնական երկօրյա վերապատրաստում ՏՏ քոլեջների դասախոսների համար։ Դասընթացը վարում էր ֆիզ․ մաթ․ գիտությունների թեկնածու, դոցենտ, ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը։
Վերապատրաստման հիմնական շեշտադրումն այն էր, որ ՄԿՈՒ ոլորտում հետազոտական կարողությունների ձևավորման հիմքում ուսանողի հետաքրքրասիրությունն է։ Դասախոսը պետք է խթանի այն, որպեսզի հետաքրքրասիրությունը վերածվի մասնագիտական բնավորության՝ զուգորդված ճիշտ հարցադրում անելու, տվյալներ հավաքելու, վերլուծելու, համադրելու և դրանց հիման վրա նոր գիտելիք ստեղծելու կարողության հետ։ Ընդգծվեց, որ հետազոտական հետաքրքրասիրությունն ինքնաբերաբար չի ձևավորվում․ այն պահանջում է կազմակերպված և գործնական փորձառություն, որն անմիջականորեն առնչվում է իրական իրավիճակներին։ Ուսանողը պետք է լսարանից դուրս գա ոչ թե պատրաստի լուծումներով, այլ նոր հարցադրումներով։
Մասնակիցների հետ քննարկվեցին այն հիմնական քայլերը, որոնք անհրաժեշտ են նախաձեռնող և հետազոտողի մտածողությամբ մասնագետներ պատրաստելու համար։ Ներկայացվեց «հետազոտական քայլերի վեցաստիճան մոդելը», որը ներառում է․
- հետաքրքրասիրություն,
- խնդրի ձևակերպում,
- տվյալների հավաքագրում,
- վերլուծություն և գնահատում,
- ներկայացում և կիրառում,
- իմաստավորում և շարունակական բարելավում։
Օրինակներով ներկայացվեց, թե ինչպես ՏՏ ուսանողները կարող են գործնականում ուսումնասիրել ծրագրի խափանումների պատճառները, հավաքել և համեմատել տվյալներ, առաջարկել լուծումներ ու դրանք ներկայացնել համակուրսեցիներին։ Այս մոդելը դիտարկվեց որպես համակարգված ճանապարհ՝ հետաքրքրասիրությունից մինչև գիտելիքի ստեղծում։
Բացի այդ, ներկայացվեցին մի շարք գործնական մեթոդներ ու գործիքներ, որոնք ուսանողին հնարավորություն են տալիս սովորել տեսնել օրինաչափություններ, ձևակերպել հետազոտական հարցեր և հետաքրքրասիրությունը վերածել կառուցվածքային ուսումնասիրության։
Փորձնական վերապատրաստման նպատակն էր փորձարկել բուն դասընթացի ուղղություններն ու նյութերը՝ հասկանալու, թե որ մոտեցումները արդյունավետ կաշխատեն և որոնք բարելավման կարիք ունեն։ Ավելի վաղ նման փորձնական վերապատրաստումներ արդեն անցկացվել էին բժշկական և գյուղատնտեսական քոլեջների դասախոսների համար։
Ծրագրի մասին
ՈԱԱԿ-ը, Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամի աջակցությամբ, իրականացնում է «ՄԿՈՒ հաստատությունների դասախոսների հետազոտական և թվային կարողությունների զարգացում» ծրագիրը։ Այն նպատակ ունի զարգացնել դասախոսների գործնական հետազոտական հմտություններն ու թվային կարողությունները, որպեսզի նրանք կարողանան ինքնուրույն վերանայել և արդիականացնել կրթական ծրագրերն ու դասընթացների նկարագրերը՝ համապատասխանեցնելով դրանք աշխատաշուկայի պահանջներին և Որակավորումների ազգային շրջանակին։
Ակնկալվում է, որ ծրագրի արդյունքում.
- Գյուղատնտեսական, բժշկական և ՏՏ ոլորտների ՄԿՈՒ հաստատությունների շուրջ 80 դասախոս կանցնի գործնական վերապատրաստում,
- Կրթական ծրագրերը կդառնան ավելի կիրառական և ժամանակակից՝ համապատասխանեցված աշխատաշուկայի պահանջներին,
- Կձևավորվի շարունակական ինքնագնահատման և բարելավման մշակույթ։
Ընդհանուր նպատակն է միջին մասնագիտական կրթության ոլորտում սովորողներին վերածել ոչ միայն հմուտ կատարողների, այլև հետազոտողի մտածողությամբ, հարմարվող և նախաձեռնող մասնագետների, որոնք պատրաստ են արդի և փոփոխվող աշխատաշուկայի մարտահրավերներին։