Արտաքին գնահատման փորձագիտական այցից առաջ դեկտեմբերի 19-ին ՈԱԱԿ-ում տեղի ունեցավ հանդիպում ՈԱԱԿ տնօրենի, Արագածոտնի տարածաշրջանային պետական քոլեջի փորձագիտական խմբի և համակարգողի մասնակցությամբ։ Օրակարգում նախնական գնահատման արդյունքներն էին, դուրս բերված խնդիրները և այն հիմնական հիպոթեզները, որոնք փորձագետները դիտարկելու են արտաքին գնահատման ընթացքում։
Քննարկվեց, թե որքանով է ՄՈՒՀ-ը հաշվի առնում տարածաշրջանի առանձնահատկությունները և կարիքները և կարողություններ ձևավորում մարզային աշխատաշուկայի համար։
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց հետևյալ թեմաներին․
- Ինչպե՞ս է տեղի ունենում սովորեցնելու գործընթացը քոլեջում, ուսուցման ինչ մեթոդներ են կիրառվում,
- Գնահատման ինչ չափանիշներ են կիրառվում ՄՈՒՀ-ում, ինչպիսի՞ն է ձևավորող գնահատման փորձը,
- Արդյոք կրթությունը վերջնարդյունքահե՞ն է, ինչպե՞ս է ՄՈՒՀ-ը հավաստիանում, որ ուսանողներն ուսումնառության ընթացքում ձեռք են բերել սահմանված բոլոր վերջնարդյունքները, ինչպե՞ս է տեղի ունենում վերջնարդյունքների գնահատումն ուսումնառության ընթացքում և ավարտելիս,
- Արդյոք ուսանողներին հանձնարարվո՞ւմ են գործատուի միջավայրից բխող, մասնագիտական պրակտիկ կարողություններ և հետազոտողի մտածողություն ձևավորող առաջադրանքներ։
Հանդիպման ավարտին կարևորվեց, որ փորձագիտական զեկույցն ուշադրության կենտրոնում ունենա ՄՈՒՀ-ի՝ ՄԿԾ-ների արդյունավետ իրականացման կարողությունը, իսկ խորհրդատվությունները միտված լինեն ուսանողակենտրոն միջավայրի և ՄԿԾ-ների բարելավմանը։