Դեկտեմբերի 16-ին տեղի ունեցավ Էրազմուս+ eCAMPUS ծրագրի 3-րդ աշխատանքային փաթեթի (WP3) աշխատանքային խմբի առցանց աշխատաժողովը, որը նվիրված էր իրականացված աշխատանքների առաջընթացի ներկայացմանը և հետագա քայլերի քննարկմանը։ 3-րդ աշխատանքային փաթեթի պատասխանատուն Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնն է (ՈԱԱԿ)։
Աշխատաժողովի ընթացքում ՈԱԱԿ-ը ներկայացրեց թվային ուսուցման և դասավանդման որակի ներքին ապահովման համակարգի մշակման ընթացքը՝ անդրադառնալով իրականացված գործունեությանը, առաջացած մարտահրավերներին և դրանց հաղթահարման հնարավոր ուղղություններին։
Քննարկման առանցքում էին Հայաստանի բուհերում թվային ուսուցման որակի ապահովման ներկայիս մոտեցումները, կառավարման և ռազմավարական պլանավորման հարցերը, ինչպես նաև որակի ներքին ապահովման մեխանիզմների համակարգված կիրառման անհրաժեշտությունը։ Ընդգծվեց, որ թվային ուսուցման զարգացումը պահանջում է ինստիտուցիոնալ մոտեցում՝ հիմնված միասնական որակային սկզբունքների և շարունակական բարելավման մշակույթի վրա։
Աշխատաժողովի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև մշակման փուլում գտնվող «Թվային ուսուցման և դասավանդման որակի ապահովման քաղաքականություն» նախագծին։ Ներկայացվեցին դրա հիմնարար սկզբունքներն ու նպատակները՝ ուսանողակենտրոնություն, ուսուցման տարբեր ձևաչափերի միջև որակական համարժեքության ապահովում, ակադեմիական ազնվություն, հասանելիություն և ներառականություն, ինչպես նաև թվային տեխնոլոգիաների էթիկական և պատասխանատու կիրառում։
Մասնակիցները կարևորեցին, որ առաջարկվող մոտեցումները ծառայեն բուհերի ներքին ինքնագնահատման և զարգացման գործընթացներին՝ չփոխարինելով որակի արտաքին ապահովման և հավատարմագրման մեխանիզմներին։ Քննարկման ընթացքում հնչեցին նաև առաջարկություններ՝ քաղաքականության փաստաթղթում առավել հստակ ընդգծելու ներառականության, հասանելիության և հավասար հնարավորությունների հարցերը։
Աշխատաժողովի ավարտին ամփոփվեցին հետագա քայլերը, որոնք ուղղված են քաղաքականության փաստաթղթի կատարելագործմանը, գործընկերների հետ համատեղ քննարկումների շարունակմանը և թվային ուսուցման որակի ներքին ապահովման գործիքների մշակմանը։
eCAMPUS (Սոցիալական հեռավորություն և ներառական կամպուսային կրթության խթանումը Հայաստանի բուհերում) ծրագիրը նպատակ ունի բարձրացնել թվային ուսուցման և ուսումնառության որակը Հայաստանի բուհերում՝ մի շարք ռազմավարական նախաձեռնությունների միջոցով։ Դրանք ներառում են դասախոսական կազմի թվային հմտությունների զարգացումը, թվային ուսուցման և ուսումնառության ներքին որակի ապահովման մեխանիզմների ներդրումը, համապատասխան ենթակառուցվածքով համալրված կրթական թվային էկոհամակարգերի ձևավորումը, նորարարական կրթական մեթոդների կիրառումը, ինչպես նաև աջակցող օրենսդրական դաշտի ձևավորումը։