Մայիսի 19-ին Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ) որակի ներքին ապահովման համակարգի առցանց մշտադիտարկում իրականացրեց Գեղարքունիքի տարածաշրջանային պետական քոլեջում: 2024-ին ՄՈՒՀ-ը ստացել է պայմանական ինստիտուցիոնալ հավատարմագրում 2 տարի ժամկետով:
Մշտադիտարկման նպատակն է վեր հանել հավատարմագրման գործընթացի ազդեցությունը որակի ապահովման համակարգի, ուսումնական գործընթացների վրա, դիտարկել փորձագետների կողմից մատնանշված թերությունների վերացման ծրագրի իրականացման ընթացքը, առկա ձեռքբերումներն ու հնարավոր մարտահրավերները։
Մշտադիտարկման ընթացքում հանդիպում-քննարկումներ տեղի ունեցան քոլեջի ղեկավարության, դասախոսների, ուսանողների և որակի ապահովման պատասխանատուի հետ:
Քննարկման հիմնական ուղղություններն էին.
- ՄԿԾ-ների բարելավում
Քննարկվել է, թե ինչպես է իրականացվում մասնագիտական կրթական ծրագրերի վերանայումը՝ արդյոք տեղի են ունեցել փոփոխություններ, համագործակցել են արդյոք գործատուների հետ, և ինչ տվյալներ են օգտագործվել այդ փոփոխությունների հիմքում։ - Ուսանողակենտրոնություն
Քոլեջի պատկերացումները ուսանողակենտրոն կրթության վերաբերյալ․ ինչպես են վերհանվում ուսանողների կարիքները, և ինչ մեխանիզմներով է հաստատությունն արձագանքում դրանց։ - Դասախոսական կազմի կարողությունների զարգացում
Քննարկվել է, թե ինչպես է քոլեջը ներգրավում գործատու դասախոսների, ինչ ձևով է վերհանում դասախոսների մասնագիտական և մեթոդական կարիքները, կազմակերպվում են արդյոք համապատասխան վերապատրաստումներ, ինչպես է գնահատվում վերապատրաստումների արդյունավետությունը, և որքանով են այդ գործընթացները համակարգված։ - Որակի ապահովման գործընթացներ
Քոլեջում իրականացվող որակի ապահովման գործողություններն ու գործիքները, այդ թվում՝ ՊԻԳԲ շրջափուլի կիրառումը, որակի ապահովման տարեկան պլանների առկայությունը, դրանցում սահմանված առաջնահերթությունները և թե ինչպես են հավաքագրված տվյալները դառնում որոշումների կայացման հիմք։ - Գնահատման համակարգ
Քննարկվել է, թե ինչ փոփոխություններ են արվել ուսանողների գնահատման համակարգում՝ առկա են արդյոք հստակ չափանիշներ, ինչպես է գնահատվում պրակտիկան, ստանում են արդյոք ուսանողները հետադարձ կապ դասախոսներից, և որքանով է ձևավորող գնահատումը կիրառվում քոլեջում՝ որպես ուսանողի առաջընթացը խթանող գործիք։ - Հետազոտության խթանումը
Վերհանվել է, թե ուսումնական գործընթացում ինչպիսի առաջադրանքներ են տրվում ուսանողներին՝ հետազոտական կարողությունները զարգացնելու նպատակով, որքանով են դրանք կապ ունենում գործատուի միջավայրի հետ, և արդյոք դրանք նպաստում են ուսանողների մասնագիտական աճին։ - Շրջանավարտների մասնագիտական առաջընթացը
Քննարկվել են շրջանավարտների զբաղվածության ցուցանիշները՝ քանի տոկոսն է մուտք գործում աշխատաշուկա և քանի տոկոսը շարունակում ուսումը բուհերում։ - Գործունեության արդյունավետության ցուցանիշներ
Քոլեջի կողմից սահմանված հիմնական ցուցանիշները, որոնք կիրառվում են գործունեության արդյունավետության գնահատման համար։
Մշտադիտարկման ավարտին ՈԱԱԿ մասնագետները հանդիպում ունեցան քոլեջի ղեկավարության հետ՝ ամփոփելու դիտարկման արդյունքներն ու առաջարկելու բարելավման ուղղություններ։ Դրական համարելով հետազոտության զարգացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը՝ կարևորվեց, որ հետազոտական առաջադրանքները ուսումնական ծրագրերում լինեն հստակ պլանավորված՝ ըստ ժամկետների և թեմատիկ շրջանակների։ Շեշտադրվեց ստորաբաժանումների գործունեության պլանավորման բխեցումը ռազմավարական ծրագրից: Կարևորվեց նաև, որ հաստատությունն ունենա հստակ ձևակերպված ցուցանիշներ, որոնք կարտացոլեն այն նվազագույն պահանջները, որոնց պետք է ձգտի և որոնց հիման վրա հնարավոր կլինի գնահատել գործունեության արդյունքներն ու արդյունավետությունը: Առաջարկվեց սահմանել կոնկրետ ուղղություններ, որոնց վերաբերյալ որակի ապահովման համակարգը պետք է տարաբնույթ տվյալներ հավաքագրի՝ նպատակ ունենալով դրանք դարձնել հիմնավոր որոշումների կայացման հիմք։