Փետրվարի 19-ին ՈԱԱԿ-ում մեկնարկեց «Ուսանողության ձայն» նախագծի շրջանակներում ուսանող-փորձագետների պատրաստման հերթական դասընթացը։ Առաջին հանդիպումը տեղի ունեցավ առցանց ձևաչափով՝ ապահովելով մարզային ուսանողների ներգրավվածությունը՝ Գորիսի պետական համալսարանից, Շիրակի պետական համալսարանից, Գավառի պետական համալսարանից և Վանաձորի պետական համալսարանից։
«Ուսանողության ձայն» նախագծի համակարգող Մերի Բարսեղյանն ուսանողներին ներկայացրեց հավատարմագրման գործընթացի կարևորությունը և նպատակները:
Ընդգծվեց, որ
- ՈԱԱԿ-ը Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի (ENQA) անդամ է, և նրա շնորհած հավատարմագրումները ճանաչելի են եվրոպական կրթական տարածքում,
- Հայաստանում հավատարմագրման պետական չափանիշները համահունչ են միջազգային չափանիշներին և հիմնված են միջազգային ուղենիշների վրա։
Դասընթացի ընթացքում ուսանողները հնարավորություն կունենան ծանոթանալու ուսանող-փորձագետի գործունեությանը, ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման չափանիշներին ու օրենսդրությանը:
Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցները կստանան վկայական, կգրանցվեն ուսանող-փորձագետների բազայում և կմասնակցեն հավատարմագրման գործընթացների փորձագիտական խմբերում: