Փետրվարի 10-13-ը ՈԱԱԿ-ը մասնակցեց KPI4HEI Erasmus+ ծրագրի շրջանակում անցկացված 4-օրյա աշխատաժողովին Դրեզդենում։
Փետրվարի 10-ից 13-ը Մասնագիտական կրթության Որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ) մասնակցեց KPI4HEI Erasmus+ ծրագրի շրջանակում կազմակերպված 4-օրյա աշխատաժողովին, որը տեղի ունեցավ Դրեզդենի տեխնոլոգիական համալսարանում։ Աշխատաժողովի հիմնական նպատակն էր քննարկել KPI-ների կիրառման ռազմավարությունները համալսարաններում՝ որպես բուհի կառավարման և հաջողության գնահատման հիմնական գործիք։
Հանդիպումների ընթացքում քննարկվեցին․
- KPI-ների կիրառումը բարձրագույն կրթության և հավատարմագրման գործընթացում Օլդենբուրգի համալսարանի օրինակով։
- Միջազգայնացումը, հավասարությունը, բազմազանությունը և ներառականությունը որպես ռազմավարական գործիքներ՝ սահմանված KPI-ներին հասնելու համար Իտալիայի բուհերի օրինակով։
- Գնահատման համակարգն Արտաքին գնահատման կառույցի կողմից Իտալիայի փորձի համատեքստում։
- Թվայնացում և KPI-ներ․ Օլդենբուրգի համալսարանի օրինակով։
- Միջազգայնացում, ներառականություն և բազմազանություն՝ Դրեզդենի տեխնոլոգիական համալսարանի փորձառությունը։
- Ներքին և արտաքին որակի ապահովման հանձնաժողովի մոդելները Իտալիայի բուհերում։
Աշխատաժողովին ՈԱԱԿ-ը, որպես KPI-ների մշակման և կիրառման աշխատանքային փաթեթի հիմնական պատասխանատու, ներկայացրեց ծրագրի շրջանակում KPI-ների մշակման աշխատանքները, դրանց արդյունքները, ինչպես նաև KPI-ների պիլոտային կիրառման արդյունքները։ Բուհերի հետ քննարկվեցին տվյալների հավաքագրման և վերլուծման գործընթացները, ինչպես նաև այն դժվարությունները ու մարտահրավերները, որոնց բախվել են Հայաստանի բուհերը պիլոտայի իրականացման ընթացքում։
Աշխատաժողովի ընթացքում ՈԱԱԿ-ը կազմակերպեց նաև գործնական աշխատանք՝ խաղի ձևաչափով։ Յուրաքանչյուր բուհին տրվեցին հիմնական ուղղություններ, որոնք համապատասխանեցին նրանց առջև դրված ռազմավարական նպատակներին՝
- Շրջանավարտների պահպանում տարածաշրջանում զբաղվածության միջոցով,
- Համապատասխանություն տարածաշրջանային աշխատաշուկայի պահանջներին,
- Հասարակական ներգրավում և սոցիալական ազդեցություն,
- Պրակտիկայի վրա և աշխատանքի վրա հիմնված ուսուցում,
- Շարունակական և մեծահասակների կրթություն տարածաշրջանում։
Այս տիրույթների համար բուհերին տրվեցին 5-ական ցուցանիշներ, որոնցից նրանք ընտրեցին երեք հիմնական ցուցիչներ, որոնք լավագույնս համապատասխանում էին իրենց առջև դրված նպատակների ձեռքբերման արդյունավետության գնահատմանը։ Բուհերը հիմնավորեցին, թե ինչու են դրանք կարևոր իրենց համար։ Խաղի ընթացքում ընտրվեցին նաև ժուրիներ՝ յուրաքանչյուր բուհից, որոնք տվեցին հարցեր և առաջարկեցին զարգացման ուղղված խորհրդատվություններ։ Այս գործնական վարժության նպատակն էր ամրապնդել մասնակիցների խորքային ընկալումը KPI-ների մշակման և դրանց կիրառման ուղղությամբ։