Նոյեմբերի 13-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի կունենա «Շրջանավարտների հետագծի ուսումնասիրություն․ ի՞նչ է այն և ինչպե՞ս է իրականացվում» թեմայով աշխատաժողովը, որը կազմակերպում են Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ) ու Եվրոպական կրթական հիմնադրամը (ETF)։
Աշխատաժողովի նպատակն է ներկայացնել շրջանավարտների հետագծի ուսումնասիրության նպատակները, դրա կիրառման հնարավորությունները և կրթական քաղաքականության զարգացման գործում ունեցած դերը։ Շրջանավարտների հետագծի ուսումնասիրությունը դիտվում է որպես կրթական վերջնարդյունքները գնահատելու, ինչպես նաև պահանջվող հմտություններն ու աշխատաշուկայի միտումները կանխատեսելու կարևոր գործիք։
Արագ փոփոխվող աշխատաշուկայի պայմաններում կարևոր է տվյալների համակարգված հավաքագրումն այն հմտությունների վերաբերյալ, որոնք անհրաժեշտ են այսօր և կլինեն պահանջված վաղը։ Հենց այդպիսի տվյալների վրա հիմնված քաղաքականությունն է, որ կարող է ապահովել կրթական ծրագրերի համապատասխանեցումը գործատուների ակնկալիքներին՝ նպաստելով գործազրկության նվազեցմանը և սոցիալ-տնտեսական առաջընթացին։
Աշխատաժողովի բանախոսն է լինելու Եվրոպական կրթական հիմնադրամի փորձագետ Եվա Յանսովան, որը ներկայացնելու է շրջանավարտների հետագծի ուսումնասիրության նպատակները, տվյալների հավաքագրման ռազմավարությունները, ինչպես նաև ԵՄ տարբեր երկրների փորձը։ Միջոցառման ընթացքում նախատեսվում են նաև քննարկումներ՝ Հայաստանի համար շրջանավարտների հետագծի ուսումնասիրության նախնական ճանապարհային քարտեզի մշակման ուղղությամբ։
Աշխատաժողովին մասնակցելու են կրթության ոլորտի պատասխանատուներ, բարձրագույն և միջին մասնագիտական կրթական հաստատությունների ներկայացուցիչներ։
Այս նախաձեռնությունը 2024-ին Հայաստանում կայացած Եվրոպական կրթական հիմնադրամի «Աշխատանքին միտված ձևավորող գնահատման որակի ապահովում» ֆորումի տրամաբանական շարունակությունն է։ Այդ ֆորումի արդյունքում իրականացված ՄԿՈՒ համակարգի գործընկերային գնահատման ընթացքում միջազգային փորձագետները շեշտել էին շրջանավարտների հետագծի ուսումնասիրության և միասնական տվյալների բազայի անհրաժեշտությունը՝ պետական մակարդակով որոշումների կայացման համար։
Հետագայում ՈԱԱԿ-ը Հայաստանում փորձարկեց ETF-ի մշակած ՄԿՈՒ համակարգի հայտորոշման գործիքը, որի միջոցով հնարավոր դարձավ բացահայտել համակարգի ուժեղ կողմերն ու բարելավման ենթակա ուղղությունները։ Այդ փորձի արդյունքում ևս ընդգծվեց վստահելի և ամբողջական տվյալների կարևորությունը՝ որպես արդյունավետ կրթական քաղաքականության հիմք։