Սեպտեմբերի 25-26-ին Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում անցկացվեց միջազգային գիտաժողով «Կրթության զարգացման ժամանակակից միտումները» խորագրով, որին մասնակցեցին տարբեր երկրների և Հայաստանի կրթական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Գիտաժողովի մանկավարժության բաժնում զեկույցով հանդես եկան ՈԱԱԿ Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի ղեկավար Վարդուհի Գյուլազյանը և բաժնի մասնագետ Անահիտ Տերտերյանը։ Ներկայացվող թեման էր «Ուսուցման գործընթացում ձևավորող գնահատման իրականացումը գործատուի մասնակցությամբ»։
Զեկույցում ներկայացվեց ՈԱԱԿ-ի մշակած մոդելը, որի նպատակն է ապահովել ուսումնական գործընթացի և աշխատաշուկայի սերտ կապը։ Մոդելի շրջանակում գործատուները դիտարկվում են որպես ուսուցման և գնահատման կազմակերպման անբաժանելի մասնակիցներ և ակտիվ գործընկերներ։ Նրանք դասախոսների հետ համատեղ մշակում են ուսանողներին տրամադրվող առաջադրանքները և սահմանում են գնահատման չափանիշներ, որոնց հիման վրա դասախոսները ուսանողներին տրամադրում են հետադարձ կապ՝ արտացոլելով նաև գործատուի տեսանկյունը։
Այսպիսով մոդելը նախատեսում է․
- առաջադրանքների համատեղ մշակում դասախոսների և գործատուների կողմից՝ իրական աշխատանքային իրավիճակներին համապատասխան,
- ուսանողների կատարողականի դիտարկում լսարանում, լաբորատորիայում կամ սիմուլյացիոն միջավայրում,
- գործատուների տրամադրած չափանիշներով ձևավորող գնահատում,
- գործատուակենտրոն գործնական դեպքերի իրականացում,
- շարունակական կատարելագործման գործընթաց, որտեղ ուսանողները զարգացնում են հմտությունները, իսկ գործատուները թարմացնում չափանիշները։
Զեկուցողները ներկայացրել են գործատուների հետ համագործակցության գործող և առաջարկվող մոդելները՝ ընդգծելով հիմնական տարբերությունները․ ներկայում կրթական գործընթացը մեծամասամբ տեսական բնույթ է կրում, հետադարձ կապը ստացվում է միայն դասախոսներից, իսկ գործատուների դերը սահմանափակվում է հիմնականում պրակտիկայի կազմակերպմամբ։ Նոր մոդելով գործատուները ներգրավվում են ոչ միայն ծրագրի ձևավորման, այլև գնահատման գործընթացում՝ դառնալով ակտիվ մասնակիցներ։
Մոդելի կիրառման արդյունքում ակնկալվում է․
- ՄԿՈՒ կրթության և աշխատաշուկայի պահանջների համապատասխանեցում,
- ուսանողների համար աշխատավայրին մոտ գործնական հետադարձ կապ,
- դասախոսների՝ աշխատավայրի չափանիշների վերաբերյալ նոր պատկերացումներ,
- գործատուների՝ որպես հմտությունների ձևավորման գործընկերների դերակատարում,
- շրջանավարտների պատրաստվածություն՝ որպես աշխատանքի համար պատրաստ մասնագետներ։
Այպիսով, փորձն ու հետազոտությունները վկայում են, որ գործատուների և կրթական հաստատությունների սերտ համագործակցությունը, ինչպես նաև նրանց խորքային ներգրավումը ուսուցման գործընթացում, էականորեն նպաստում են ուսանողների գործնական հմտությունների զարգացմանը և բարձրացնում շրջանավարտների մասնագիտական զբաղվածության մակարդակը։