Մայիսի 21-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ աշխատաժողով՝ «Միջազգայնացումը՝ ՄԿՈՒ համակարգի զարգացման ուղենիշ. Եվրոպական կրթական հիմնադրամի հայտորոշման գործիքի փորձարկում» խորագրով։ Միջոցառումն անցկացվեց Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) և Եվրոպական կրթական հիմնադրամի (ETF) նախաձեռնությամբ։
Ողջունելով մասնակիցներին՝ ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը նշեց, որ Հայաստանը առաջիններից է, որտեղ փորձարկվում է Եվրոպական կրթական հիմնադրամի մշակած ՄԿՈՒ համակարգի հայտորոշման գործիքը։ Նրա խոսքով՝ փորձարկման արդյունքների հիման վրա գործիքը կբարելավվի և վերջնական տեսքով կգործարկվի ETF գործընկեր երկրներում։ «Սա նաև հնարավորություն է վեր հանել մեր ՄԿՈՒ համակարգի ուժեղ կողմերն ու բարելավման ենթակա ուղղությունները և նպաստել համակարգի շտկմանը»,- հավելեց նա։
ՀՀ ԿԳՄՍՆ նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արմենուհի Պողոսյանը, շնորհակալություն հայտնելով ՈԱԱԿ-ին նախաձեռնության համար, ընդգծեց, որ աշխատաժողովը տեղի է ունենում ճիշտ ժամանակին՝ ՄԿՈՒ նոր օրենքով նախատեսվող համակարգային փոփոխությունների համատեքստում։ «ՄԿՈՒ համակարգի հայտորոշումը կօգնի մեզ հասկանալու՝ ինչպես ենք կազմակերպում մասնագիտական կրթությունը և ուսուցումը և ինչպես ենք պատկերացնում դրանում որակի ապահովումը։ Գործիքի կիրառումը հնարավորություն կտա գնահատելու համակարգը բոլոր մակարդակներում և հստակեցնելու բարելավման ուղղությունները»,- ասաց նա։
ETF-ի ՄԿՈՒ քաղաքականության մշակման առաջատար մասնագետ Մունիր Բաատին իր ելույթում նշեց․ «Երբ քաղաքականություն, որակավորումների շրջանակ կամ ՄԿԾ-ներ ենք մշակում, անհրաժեշտ են տվյալներ, այլապես հնարավոր չէ հասնել որակյալ արդյունքի։ Մեր դիտարկումներով՝ որակի ապահովման համակարգերը հաճախ կենտրոնանում են միայն ուսուցման գործընթացի վրա, մինչդեռ կան նաև այլ տիրույթներ, որոնք նույնպես որակի ապահովման կարիք ունեն։ Այդ պատճառով մենք մշակել ենք այս գործիքը, որը հնարավորություն է տալիս գնահատել համակարգը հինգ տիրույթներում։ Այն չի կարող գործնականում կիրառվել, քանի դեռ չի փորձարկվել։ Եվ այս աշխատաժողովն այդ տեսանկյունից մեծ արժեք ունի՝ հնարավորություն տալով ստեղծել ավարտուն գործիք, որն ուղղված կլինի եվրոպական կրթական տարածքում ՄԿՈՒ համակարգերի գնահատման և բարելավման նպատակին»։
Աշխատաժողովի ընթացքում ETF փորձագետները ներկայացրին ՄԿՈՒ համակարգի հայտորոշման գործիքը և դրա կիրառման նպատակները։ Գործիքը հիմնված է EQAVET-ի՝ որակի ապահովման եվրոպական ցուցիչների վրա և դիտարկում է մասնագիտական կրթության համակարգը հինգ հիմնական տիրույթներում․
- Քաղաքականություն և կառավարում,
- Կրթական չափորոշիչներ և որակավորումներ,
- Կրթական ծառայությունների մատուցում,
- Գնահատում, վավերացում և հավաստագրում,
- Տվյալների և գիտելիքի ստեղծում:
Մասնակիցները ֆոկուսխմբային ձևաչափով քննարկեցին գործիքի համապատասխան տիրույթները՝ անդրադառնալով առաջարկված հարցերին: Այնուհետև ամփոփ ներկայացվեցին վեր հանված խնդիրներն ու դիտարկումները, որոնք կծառայեն որպես համակարգային վերլուծության և ոլորտային քաղաքականության առաջարկությունների հիմք։
ՀՀ ՄԿՈՒ համակարգի հայտորոշման գործընթացը մեկնարկել է 2024 թ․ հոկտեմբերին Երևանում, այնուհետև շարունակվել է առցանց հանդիպմամբ, իսկ մայիսի 21-ի աշխատաժողովը նպատակ ուներ ամփոփել գործընթացի նախորդ փուլերում բաց մնացած հարցերը, ձևավորել ամբողջական վերլուծական պատկեր և նախապատրաստել գործիքի վերջնական տեսքը։
Ամփոփելով աշխատաժողովը՝ Ռուբեն Թոփչյանը տեղեկացրեց, որ գործիքի փորձարկման արդյունքների հիման վրա պատրաստված զեկույցը հասանելի կլինի արդեն այս աշնանը, կտրամադրվի համապատասխան գերատեսչություններին և կարող է դառնալ ՄԿՈՒ համակարգի հետագա բարելավումների հիմք։