Հունիսի 17-18-ին Թուրինում՝ Եվրոպական կրթական հիմնադրամի (ETF) կենտրոնակայանում, կայացել է մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) որակի ապահովման տարեկան համաժողովը, որին մասնակցել են ETF անդամ երկրների ներկայացուցիչները։ Քննարկվել են ոլորտի արդի մարտահրավերներն ու փորձը, ինչպես նաև փոխգործակցության նոր ուղիներ։
Հայաստանը համաժողովում ներկայացրել են ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը, ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի ղեկավար Վարդուհի Գյուլազյանը և նույն բաժնի մասնագետ Անահիտ Տերտերյանը։
Համաժողովի ընթացքում ներկայացվել են ՀՀ ՄԿՈՒ համակարգում ETF-ի մշակած հայտորոշման գործիքի կիրառման արդյունքները։ ՈԱԱԿ-ը ներկայացրել է, թե ինչպես է գործիքի օգտագործումը նպաստել համակարգի ներսում գործընթացների արժևորմանը, տվյալների վրա հիմնված որոշումների կայացման մշակույթի ձևավորմանն ու շահակիցների ներգրավվածությանը։
Համաժողովի ընթացքում շեշտվեց, որ
🔹 Գործիքը հնարավորություն է տալիս միավորել պլանավորման, իրականացման, գնահատման և բարելավման գործընթացները՝ դիտարկելով դրանք մեկ ընդհանուր շրջանակում։ Սա հատկապես օգտակար է տարբեր մակարդակներում իրականացվող աշխատանքների փոխկապակցման առումով։
🔹 Տվյալների վրա հիմնված որոշումների կայացման մշակույթն ամրապնդվում է՝ ձևավորվելով մեխանիզմներ, որոնք ապահովում են վստահելի տվյալների հավաքագրում, վերլուծություն և դրանց հիման վրա ռազմավարական որոշումների կայացում։
🔹 Գործիքը խթանում է համակարգի ներսում գործընկերային համագործակցությունը․ գործընթացը ոչ միայն ներգրավում է շահակիցներին, այլև նրանց դարձնում է փոփոխության համահեղինակ։
🔹 Գործիքը նպաստում է շարունակական բարելավման մշակույթի ձևավորմանը, որտեղ գնահատումը դառնում է ոչ թե վերջնակետ, այլ զարգացման մեկնակետ։
🔹 Ընդգծվել է նաև, որ գործընթացը հաջողել է շահակիցների լիարժեք ներգրավմամբ, ինչը կարևոր նախադրյալ է եղել գործիքի արդյունավետ կիրառման և նպատակային ընկալման համար։
Հայաստանի փորձը հաստատեց, որ երբ գնահատումն ու բարելավումը ընթանում են միասին, իսկ համակարգը գիտակցում է իր նպատակներն ու հնարավորությունները, հնարավոր է իրականացնել բովանդակային և կայուն բարեփոխումներ։
ՈԱԱԿ-ի կողմից իրականացված աշխատանքներում առանցքային դեր են ունեցել մասնագիտական թիմի ձևավորումը, գործիքի տիրույթների ու չափորոշիչների խորքային ուսումնասիրությունը, ինչպես նաև տվյալների հավաքագրման և վերլուծության փուլերում կիրառված մեթոդաբանական մոտեցումները։ ETF փորձագիտական թիմի հետ համագործակցությունը եղել է շարունակական՝ ինչպես առցանց, այնպես էլ առկա ձևաչափերով։
ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանի խոսքով՝ գործիքը նպաստել է կառուցողական երկխոսության ձևավորմանը՝ սկսած քաղաքականություն մշակող մարմիններից մինչև կրթություն իրականացնողներ։ Նրա գնահատմամբ՝ այն կարող է դիտարկվել որպես համակարգի «սթրես թեստ», որի միջոցով հնարավոր է գնահատել առկա գործընթացների արդյունավետությունը, բացահայտել խոչընդոտները և սահմանել զարգացման նոր ուղղություններ՝ հաշվի առնելով նաև նախկինում չնկատված ռեսուրսներն ու հնարավորությունները։
Նշենք, որ Հայաստանը գործիքի փորձարկումն իրականացրած առաջին երկրներից է, և այստեղ ձևավորված փորձը կարող է օգտակար լինել գործիքի հետագա կատարելագործման և միջազգային մակարդակում կիրառման համար։