«Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» 2024թ․ ընդունված օրենքի արդյունավետ կիրառման նպատակով հոկտեմբերի 28-30-ը Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) գրասենյակում անցկացվել է փորձագիտական քննարկում, որը նվիրված էր ՄԿՈՒ ոլորտում ենթաօրենսդրական ակտերի մշակմանն ու արդիականացմանը։ Քննարկումն իրականացվել է GIZ-ի կողմից իրականացվող «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հայաստանում» (ՄՀԶՄԿՈՒ) ծրագրի շրջանակներում։
Երեքօրյա հանդիպումների ընթացքում մասնակիցները անդրադարձել են ՄԿՈՒ ոլորտի համար կարևոր մի շարք կարգավորումների մշակմանն առնչվող հարցերի, մասնավորապես՝
- պետական ամփոփիչ ստուգման կազմակերպման, վերահանձնման և պետական որակավորող հանձնաժողովի ձևավորման կարգին,
- ոչ ֆորմալ կրթական վերջնարդյունքների ճանաչման մեխանիզմներին։
Քննարկման մասնակիցների թվում էր նաև ՈԱԱԿ-ը, որը կարևորել է, որ ամփոփիչ ատեստավորման գործընթացում գնահատվեն և մասնագիտական կրթական ծրագրով նախատեսված բոլոր վերջնարդյունքները, և ուսանողի մասնագիտական մտածողությունը։ ՈԱԱԿ-ի ներկայացուցիչները շեշտել են, որ գնահատումը պետք է իրականացվի գործատուի տեսանկյունից՝ ապահովելով աշխատանքի իրական միջավայրին մոտեցած գնահատման մեխանիզմ։
Գերմանիայից հրավիրված փորձագետ Միխայել Դյոռը (Michael Dörr) ներկայացրել է ամփոփիչ գնահատման միջազգային փորձն ու դրա տեղայնացման հնարավորությունները Հայաստանի համար ձևավորվող ճանապարհային քարտեզում։
Քննարկումների արդյունքները կծառայեն ՄԿՈՒ ոլորտում գործող իրավական ակտերի վերանայման և նոր կարգերի մշակման հիմք՝ նպաստելով մասնագիտական կրթության որակի բարելավմանը և ոլորտի արդյունավետ կառավարմանը։