Հոկտեմբերի 8-9-ին Ռումինիայի Բրաշով քաղաքում կայացավ Բոլոնիայի հետամուտ խմբի որակի ապահովման թեմատիկ ուղղության (TPG C on QA) երրորդ հանդիպումը, որի կազմակերպիչն էր Ռումինիայի որակի ապահովման և հավատարմագրման գործակալությունը (ARACIS)։
Հանդիպմանը մասնակցեցին 20-ից ավելի երկրների ներկայացուցիչներ՝ կիսվելով ազգային փորձառություններով, բարեփոխումների ուղղություններով և նոր նախաձեռնություններով։ Հայաստանը ներկայացրել են Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) ներկայացուցիչները՝ Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի ղեկավար, թեմատիկ խմբի համանախագահ Վարդուհի Գյուլազյանը և նույն բաժնի մասնագետ Լիանա Ալավերդյանը։
Հանդիպումը միտված էր ամփոփելու անդամ երկրների առաջընթացը որակի ապահովման ոլորտում և ձևավորելու ընդհանուր տեսլական՝ Բոլոնիայի գործընթացի հաջորդ փուլում։ Քննարկումները ցույց տվեցին, որ եվրոպական շատ երկրներ այժմ անցնում են որակի ապահովման համակարգերի արդիականացման փուլ՝ օրենսդրական բարեփոխումների, ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման համատեղ մոտեցումների ներդրման, ինչպես նաև միկրո-որակավորումների և տրանսազգային կրթության որակի վերահսկման նոր մեխանիզմների մշակման միջոցով։
Հայաստանը, որպես թեմատիկ ուղղության համանախագահ, հանդիպման ժամանակ ներկայացրեց իր 2024–2027 թվականների գործողությունների պլանը՝ ընդգծելով ազգային ՈԱ շրջանակի վերանայումը՝ նորացված ESG-ի հիման վրա, նախնական (ex-ante) ծրագրային հավատարմագրման ընթացակարգերի մշակումն ու ազգային ԳԱՑ-երի (KPI) համակարգի ձևավորումը։
Բրաշովում Վարդուհի Գյուլազյանի նախագահությամբ անցկացված պանելային քննարկումները համախմբեցին մասնակիցներին մի շարք առանցքային թեմաների շուրջ՝
- անդամ երկրների գործողությունների պլանների համեմատական վերլուծություն,
- ESG և ECTS ուղեցույցների վերանայման ընթացք,
- շահակիցների ներգրավվածության խորքային ուսումնասիրություն՝ ուսանողների, գործատուների և պետական կառույցների դերակատարությամբ,
- նորարարական ծրագրերի ներկայացում (SIQA, ROQA-TNE, SPICE, BP4LnT),
- անդրսահմանային որակի ապահովման մարտահրավերների քննարկում և EQAR տվյալների թափանցիկության բարելավման ուղիներ,
- ինչպես նաև արհեստական բանականության ազդեցությունը որակի ապահովման գործընթացների վրա։
Հանդիպման ավարտին որոշվեց, որ հաջորդ դեմ առ դեմ նիստը կկայանա 2026 թվականի աշնանը Երևանում։ Թեմատիկ խմբին հյուրընկալող կառույցը կլինի ՈԱԱԿ-ը՝ ներկայացնելով Հայաստանի փորձը և հարթակ ապահովելով եվրոպական գործընկերների փորձի փոխանակման համար։