Սեպտեմբերի 29-ին կայացավ Էրազմուս+ KPI4HE ծրագրի հայաստանյան շահակիցների առցանց հանդիպում, որը նվիրված էր բուհերի կողմից մշակված Գործունեության առանցքային ցուցանիշների (ԳԱՑ-երի, KPI-ների) փորձարկման գործընթացին։
Հանդիպման ընթացքում մասնակիցները քննարկեցին՝
- բուհերի մշակած ԳԱՑ-երից որոնք պետք է ընտրվեն ծրագրի շրջանակում փորձարկման համար,
- ինչ չափանիշներով պետք է իրականացվի ընտրությունը։
Քննարկման ընթացքում ընդգծվեց, որ բուհերը կարող են ունենալ և՛ ներքին ԳԱՑ-եր՝ իրենց գործընթացների արդյունավետությունը գնահատելու համար, և՛ այնպիսի ԳԱՑ-եր, որոնց միջոցով պետությանը և հասարակությանը կկարողանան ներկայացնել իրենց զարգացումները և շարունակական բարելավումները։
Մասնակիցները անդրադարձան նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից մշակված, միջազգայնորեն ճանաչված ու փորձարկված ԳԱՑ-երի տեղայնացման և Հայաստանում դրանց փորձարկման հնարավորություններին։
Որոշվեց ծրագրի շրջանակներում առաջնահերթ ուշադրություն դարձնել կրթության որակին և կառավարմանը վերաբերող ԳԱՑ-երին։
Հիշեցնենք, որ KPI4HE ծրագրի երրորդ աշխատանքային փաթեթը համակարգում է Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ)։ Աշխատանքային փաթեթի շրջանակում շահակից բուհերում փորձարկվելու են ավելի վաղ մշակված ԳԱՑ-երը, որոնք հնարավորություն կտան ամբողջական գնահատել բուհերի գործունեության արդյունքները, բացահայտել բարելավման կարիք ունեցող ոլորտները և աջակցել ռազմավարական պլանավորմանը։
«Հայաստանում ներառական, թվային և կանաչ ուղղվածությամբ բարձրագույն կրթության պատշաճ կառավարման և որակի համար գործունեության առանցքային ցուցանիշների ազգային շրջանակի ստեղծումը» (KPI4HE) եռամյա Էրազմուս + ծրագիր է (2024-2027):
KPI4HE ծրագրի նպատակն է բարելավել բարձրագույն կրթության համակարգի կառավարումը, համալսարանների ռազմավարական պլանավորումը և կառավարումը` նպաստելով որակյալ, ներառական, թվային և կանաչ ուղղվածությամբ բարձրագույն կրթությանը Հայաստանում: Ծրագրի սահմանված նպատակներն իրագործվելու են Գործունեության առանցքային ցուցանիշների (KPIs) ազգային շրջանակի մշակման և ներդրման, Ինստիտուցիոնալ հետազոտությունների և պլանավորման ծառայությունների (IRPS) գործարկման և պետական ինստիտուցիոնալ հավատարմագրման չափանիշների վերանայման միջոցով: