Նոյեմբերի 21-ին ՈԱԱԿ-ի մասնագետների և ԵՊՀ Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի դասախոսների մասնակցությամբ մեկնարկեց աշխատաժողովների շարքը՝ նվիրված ծրագրային հավատարմագրմանը և կրթական ծրագրերի կառուցվածքային բարելավմանը։
Առաջին աշխատաժողովի ընթացքում ՈԱԱԿ Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի ղեկավար Վարդուհի Գյուլազյանը ներկայացրեց ինստիտուցիոնալ հավատարմագրման ազդեցությունը կրթական ծրագրերի բարելավման վրա և ծրագրային հավատարմագրման առաջնահերթությունները։
Աշխատաժողովի ընթացքում քննարկվեցին հետևյալ թեմաները․
- ուսումնական միջավայրի և ռեսուրսների դերը վերջնարդյունքների ապահովման գործընթացում, ինչպես նաև աշխատանքային իրական միջավայրում ուսուցման հնարավորությունները,
- դասավանդման և ուսումնառության մեթոդների արդիական մոտեցումները, ուսանողակենտրոն ուսուցման էությունն ու վերջնարդյունքներին համահունչ մեթոդների կիրառումը,
- ՄԿԾ-ների կառավարումը, որակի ներքին ապահովման մեխանիզմները, ՊԻԳԲ վրա հիմնված բարելավման գործընթացը և տվյալահենք որոշումների կայացումը,
- գնահատման համակարգի բարելավումը և վերջնարդյունքներին համահունչ կարողությունների գնահատման մեխանիզմները,
- կրթական վերջնարդյունքների ձևակերպման հստակ, չափելի և ՈԱՇ-ին համահունչ լինելը։
Ընդգծվեց, որ ՄԿԾ-ի ձևաչափն ու կառուցվածքը պետք է հնարավորություն տան հավաստելու բոլոր սահմանված վերջնարդյունքների ձեռքբերումը։ «Նոր օրենքի համաձայն՝ սահմանված բոլոր վերջնարդյունքները պետք է ստուգվեն, ուստի գնահատման ձևերը պետք է բարելավվեն»,- շեշտեց ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը։
Անդրադարձ կատարվեց նաև «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքով սահմանված նախահավատարմագրմանը, դրա նպատակներին ու ակնկալվող արդյունքներին։
Առաջիկա աշխատաժողովների ընթացքում կքննարկվեն ՄԿԾ-ների կառուցվածքը և կրթական ծրագրերի բարեփոխումների պլանավորումը։