Հունիսի 25-27-ը ՈԱԱԿ փորձագիտական խումբն ինստիտուցիոնալ հավատարմագրման նպատակով արտաքին գնահատում է իրականացնում «Գրիգորիս» բժշկա-հումանիտար քոլեջում։
Փորձագիտական խմբի ղեկավարն է Շիրակի պետական համալսարանի Որակի ապահովման բաժնի պետ, աշխարհագրական գիտությունների թեկնածու, դոցենտ Գայանե Ավետիսյանը: Խմբի անդամներն են Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջի դասախոս Ռոզա Գրիգորյանը, Հայկական բժշկական ինստիտուտի դասախոս Արշակ Մարկոսյանը, Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջի «Զբոսաշրջային ծառայությունների կազմակերպում`օտար լեզվի խորացված իմացությամբ» կրթական ծրագրի ուսանող Անգելինա Տոնոյանը:
Այցը համակարգում է ՈԱԱԿ Քաղաքականության մշակման բաժնի մասնագետ Մերի Բարսեղյանը:
Մինչ այցը փորձագետներն ուսումնասիրել են քոլեջի ինքնավերլուծությունը, փաստաթղթային բազան, իրականացրել դասալսումներ, ռեսուրսների դիտարկում և նախնական գնահատում:
Արտաքին գնահատման շրջանակներում հանդիպումներ են տեղի ունեցել քոլեջի ղեկավար կազմի, ինքնավերլուծություն իրականացրած խմբի, ուսանողների, շրջանավարտների, գործատուների, դասախոսների հետ, իրականացվել է ավարտական քննությունների դիտարկում:
Մասնագիտական հանդիպում-քննարկումներ են տեղի ունեցե «Քույրական գործ», «Մանկաբարձական գործ» և «Դեղագործություն» կրթական ծրագրերի պատախանատուների, դասավանդող անձնակազմի և ուսանողների հետ:
Նախատեսված են նաև հանդիպումներ ստորաբաժանումների ղեկավարների, որակի ապահովման պատասխանատուի, մի շարք այլ շահակիցների հետ։
Այցից հետո փորձագետները զեկույց կկազմեն՝ ըստ ինստիտուցիոնալ հավատարմագրման 10 չափանիշների վերլուծելով քոլեջի գործունեությունը: Փորձագետները կմատնանշեն բարելավման ուղղությունները և համապատասխան խորհրդատվություն կմատուցեն, որի հիման վրա ՄՈՒՀ-ը կկազմի թերությունների վերացման ծրագիր հստակ ժամանակացույցով:
Հաջորդիվ ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովը, ուսումնասիրելով փաստաթղթային փաթեթը և հանդիպումներ ունենալով ուսումնական հաստատության ներկայացուցիչների ու փորձագետների հետ, որոշում կկայացնի ՄՈՒՀ-ին հավատարմագրում շնորհելու կամ հավատարմագրումը մերժելու մասին:
Նշենք՝ «Գրիգորիս» բժշկա-հումանիտար քոլեջը 2023-ին ստացել էր պայմանական ինստիտուցիոնալ հավատարմագրում 2 տարի ժամկետով։