Շրջանավարտների հետագծի ուսումնասիրության միասնական մոտեցման ձևավորումը Հայաստանում հնարավորություն կտա ստանալ ամբողջական և համադրելի տվյալներ և նպաստել կրթական քաղաքականության կատարելագործմանը։
Նոյեմբերի 13-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ «Շրջանավարտների հետագծի ուսումնասիրություն․ ի՞նչ է այն և ինչպե՞ս է իրականացվում» թեմայով աշխատաժողովը, որը կազմակերպել էին Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ) և Եվրոպական կրթական հիմնադրամը (ETF)։
Աշխատաժողովի նպատակն էր ներկայացնել շրջանավարտների հետագծի ուսումնասիրության նշանակությունն ու կիրառման հնարավորությունները կրթական գործընթացների բարելավման և քաղաքականության մշակման գործընթացում։ Միջոցառմանը մասնակցում էին ՈԱԱԿ, ԿԳՄՍ նախարարության, բուհերի, քոլեջների ներկայացուցիչներ։
ԿԳՄՍՆ մասնագիտական կրթության և ուսուցման քաղաքականության մշակման և ռազմավարության բաժնի պետի պաշտոնակատար Սիրանուշ Մելոյանն իր խոսքում նշեց, որ շրջանավարտների հետագծի ուսումնասիրությունը ոչ միայն գիտական հետաքրքրություն ունեցող ոլորտ է, այլև պետական քաղաքականության մշակման գործիք․ «Շրջանավարտների հետագծի ուսումնասիրությունն այն ոլորտն է, որտեղ տվյալներն ու վերլուծությունները դառնում են պետական քաղաքականության իրականացման հիմք։ Այն հնարավորություն է տալիս գնահատել կրթության ուղիղ ազդեցությունն անհատի, համայնքի և պետության զարգացման վրա»։
ՈԱԱԿ-ի ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի ղեկավար Վարդուհի Գյուլազյանը կարևորեց եվրոպական կրթական տարածքի շրջանակում շրջանավարտների հետագծի ուսումնասիրության միասնական մոտեցման կիրառումը․ «ETF-ի մշակած մեթոդաբանությունը կիրառվել է մի շարք երկրներում և դարձել է արդյունավետ գործիք կրթական քաղաքականություն մշակողների համար։ Հայաստանի համար այս փորձը հնարավորություն է ձևավորելու միասնական մոտեցում՝ բուհերում և քոլեջներում հավաքագրվող տվյալները համակարգելու համար»։
ՈԱԱԿ-ի տնօրեն Ռուբեն Թոփչյանի խոսքով՝ շրջանավարտների հետագծի ուսումնասիրությունը բուհերի և քոլեջների համար ապահովում է բարելավման գործնական տվյալներ․ «Այսօր քննարկում ենք այն գործիքակազմը, որը հնարավորություն կտա Հայաստանում ներդնել այս մշակույթը և կանոնավոր կերպով հետևել շրջանավարտների հետագծին։ Կարևոր է ուսումնասիրել, թե ինչ է տեղի ունենում շրջանավարտի հետ՝ ո՞ր ոլորտներն են դառնում առավել պահանջված և ի՞նչ հմտություններ են ձեռք բերվում ավարտելուց հետո»։
Աշխատաժողովի հիմնական բանախոսը՝ Եվրոպական կրթական հիմնադրամի փորձագետ Եվա Յանսովան, ներկայացրեց ԵՄ երկրների փորձը շրջանավարտների հետագծի ուսումնասիրության ոլորտում։ Նրա խոսքով՝ նման համակարգերը ոչ միայն թույլ են տալիս հասկանալ շրջանավարտների զբաղվածության մակարդակը, այլ նաև կանխատեսել աշխատաշուկայի միտումները և բարելավել կրթական ծրագրերը՝ հմտությունների պահանջարկին համապատասխան։
Եվա Յանսովան առանձնացրեց տվյալների հավաքագրման հիմնական ռազմավարությունները, որոնցից են հարցումների անցկացումը, կրթական և սոցիալական ռեգիստրների ինտեգրումը, ինչպես նաև պետական և հաստատական մակարդակներում պատասխանատվության հստակ բաշխումը։ Նա նշեց, որ հաջողված օրինակներ կան Լեհաստանում, Նիդերլանդներում և Չեխիայում, որտեղ շրջանավարտների հետագծի տվյալները օգտագործվում են կրթական ծրագրերի արդյունավետության գնահատման և մասնագիտությունների պահանջարկի հաշվարկման համար։
Միջոցառման ընթացքում քննարկվեցին նաև Հայաստանի համար շրջանավարտների հետագծի ուսումնասիրության ճանապարհային քարտեզի մշակման սկզբունքները՝ նպատակ ունենալով ձևավորել տվյալների վրա հիմնված կրթական քաղաքականության մշակման հիմքեր։
Այս նախաձեռնությունը Եվրոպական կրթական հիմնադրամի և ՈԱԱԿ-ի շարունակական համագործակցության շրջանակում իրականացվող քայլերից մեկն է՝ ուղղված տվյալահեն որոշումների կայացման մշակույթի ձևավորմանը կրթության ոլորտում։