Ապրիլի 28-ին Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ) որակի ներքին ապահովման համակարգի մշտադիտարկում իրականացրեց Երևանի պետական հումանիտար քոլեջում։ ՄՈՒՀ-ը 2023 թվականին ստացել է ինստիտուցիոնալ հավատարմագրում 4 տարի ժամկետով։
Մշտադիտարկման նպատակն էր վեր հանել հավատարմագրման գործընթացի ազդեցությունը որակի ապահովման համակարգի, ուսումնական գործընթացների վրա, դիտարկել փորձագետների կողմից մատնանշված թերությունների վերացման ծրագրի իրականացման ընթացքը, առկա ձեռքբերումներն ու հնարավոր մարտահրավերները։
Մշտադիտարկման ընթացքում հանդիպում-քննարկումներ տեղի ունեցան քոլեջի ղեկավարության, դասախոսների, ուսանողների և որակի ապահովման պատասխանատուի հետ:
Քննարկման առանցքում հետևյալ թեմաներն էին․
- Տվյալահենք կառավարում և որակի ապահովման գործընթացներ.
Ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել նախորդ հավատարմագրումից ի վեր, ի՞նչ գործիքակազմ է կիրառվում տվյալների հավաքագրման և վերլուծության նպատակով, ինչպե՞ս է իրականացվում թերությունների վերացման ծրագիրը, ի՞նչ հաջողություններ և մարտահրավերներ ունի քոլեջն այդ գործընթացում։ - Շահակիցների կարիքների վերհանում և համագործակցություն.
Ի՞նչ քայլեր են ձեռնարկվել ուսանողների և դասախոսների կարիքների վերհանման նպատակով։ Ինչպիսի՞ն է համագործակցությունը արտաքին շահակիցների, գործատուների հետ։ Ինչպե՞ս է ՄՈՒՀ-ը ներգրավում գործատու դասախոսների։ - Միջազգայնացում.
Ի՞նչ քայլեր է ձեռնարկում ՄՈՒՀ-ը միջազգային կապերի զարգացման ուղղությամբ։ Ի՞նչ կարճաժամկետ և լրացուցիչ դասընթացներ է իրականացնում։ Արտաքին համագործակցության և փոխանակման ինչ ծրագրեր է նախատեսում քոլեջը՝ հաշվի առնելով օտար լեզուների իմացության բարձր մակարդակը դասախոսների և ուսանողների շրջանում։ - ՄԿԾ-ների բարելավում.
Ի՞նչ գործընթացներ է ծավալում ՄՈՒՀ-ը ՄԿԾ-ների բարելավման նպատակով։ Այդ գործընթացում որքանո՞վ են կիրառվում որակի ապահովման գործընթացների արդյունքում հավաքագրված տվյալները։ Ինչպե՞ս են հավաստիանում, որ աշխատաշուկայի կարիքներին համապատասխան մասնագետներ են թողարկում։ - Ուսանողի գնահատում.
Ինչպե՞ս է իրականացվում ուսանողի գնահատումը, ձևավորող գնահատման կիրառման փորձն ինչպիսին է ուսումնական հաստատությունում, արդյոք ուսանողին հանձնարարվող առաջադրանքներն ունեն հետազոտական բաղադրիչ և բխում են գործատուի միջավայրից։ - Հետազոտության զարգացում և հետազոտական առաջադրանքներ.
Ի՞նչ քայլեր է ձեռնարկում ՄՈՒՀ-ը կրթական գործընթացում հետազոտական բաղադրիչի զարգացման ուղղությամբ, ինչպե՞ս են ուսանողները և դասախոսները հետազետական աշխատանքներ իրականացնում, ինչպե՞ս է ապահովվում ակադեմիական ազնվությունը։
Մշտադիտարկման ավարտին ՈԱԱԿ մասնագետները քոլեջի ղեկավար կազմի հետ քննարկեցին հաստատության ուժեղ կողմերն ու բարելավման ուղղությունները՝ շեշտադրելով հետազոտական աշխատանքների համակարգված կազմակերպումը, մոդուլային գնահատման հստակ չափորոշիչները, գործատուների ներգրավումը, միջազգային համագործակցությունը և կառավարման բարելավման ուղղությամբ քայլերը։ Կարևորվեց տվյալների համակարգված հավաքագրման անհրաժեշտությունը, օտար լեզուների իմացության գործոնի կիրառումը միջազգային համագործակցությունն ակտիվացնելու նպատակով, դասախոսների համար մասնագիտական վերապատրաստումների նախաձեռնման անհրաժեշտությունը։