Սեպտեմբերի 15-19-ը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում տեղի ունեցավ ՄԿՈՒ որակի ապահովման կարողությունների զարգացման առաջին վերապատրաստումը՝ Էրազմուս+ «Փորձնական հավատարմագրման իրականացում աջակցելով ՀՀ-ում որակի ապահովման գործընթացներին» (QA4VET) ծրագրի շրջանակում։ Մասնակցում էին նաև ՈԱԱԿ մասնագետները։
Վերապատրաստման մեկնարկին ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ դիվանագիտական առաքելության ներկայացուցիչը՝ կարևորելով կրթության ոլորտում միջազգային համագործակցության զարգացումը։
Վերապատրաստման ընթացքում ներկայացվեցին հետևյալ թեմաները՝
- Ներքին որակի ապահովում և փոփոխությունների կառավարում,
- Որակի ապահովում և կարողությունների վրա հիմնված ուսուցում,
- Աշխատաշուկայի և տնտեսության հետ կապի ամրապնդում,
- Ռումինական փորձ՝ որակի արտաքին ապահովման գործընթացներում։
Վերապատարսոտումները հագեցած էին գործնական աշխատանքներով, ակտիվ քննարկումներով և փորձի փոխանակմամբ։ Վերապատրաստման մասնակիցներն այցելեցին նաև UCECOM «Սփիրու Հարեթ» քոլեջ, որտեղ մասնակցեցին ուսանողների գործնական դասերին, հանդիպումներ և քննարկումներ ունեցան դասախոսական կազմի հետ։
Վերապատրաստումներին առցանց միանալու հնարավորություն ունեցան նաև ասոցացված և ՄԿՈՒ գործընկերները։
QA4VET ծրագիրը նպատակ ունի բարելավել մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈւ) որակը Հայաստանում՝ մշակելով և իրականացնելով փորձնական հավատարմագրման ընթացակարգեր և գործիքներ, որոնք կաջակցեն որակի ապահովմանը ՄԿՈւ հաստատություններում և կրթության որակի մշակույթի ձևավորմանը։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է վերլուծել եվրոպական փորձը, կատարելագործել հայաստանյան մասնագետների կարողությունները, ինչպես նաև մշակել առաջարկություններ ՄԿՈւ հաստատություններում որակի շարունակական բարելավման համար՝ հատուկ ուշադրություն դարձնելով կանաչ և թվային ուղղվածությանը։
QA4VET (Փորձնական հավատարմագրման իրականացում՝ աջակցելու որակի ապահովմանը Հայաստանի ՄԿՈՒ հաստատություններում) նախագծի համակարգողն է Ռումինիայի նախնական կրթության որակի ապահովման գործակալությունը (ARACIP)։ Հայաստանից ներգրավված են Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը, Երևանի Ն. Աճեմյանի անվան տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջը, Վարդենիսի բժշկա-հումանիտար քոլեջը, «Կրթական քաղաքականության և կառավարման հայկական կենտրոն» ՀԿ-ն։ Նախագծում ներգրավված է նաև գործընկեր հաստատություն Գերմանիայից՝ «ԻՆՎՈԼԱՍ» մասնագիտական կրթության, աշխատաշուկայի և սոցիալական քաղաքականության ինստիտուտը։