Ապրիլի 25-ին Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնում (ՈԱԱԿ) տեղի ունեցավ հանդիպում Էրազմուս+ QA4VET ծրագրի շահակից քոլեջների ներկայացուցիչների հետ։ Ծրագրին մասնակցում է ընդհանուր 11 քոլեջ, որոնցից 9-ը՝ ասոցացված անդամների կարգավիճակով։ Հանդիպման նպատակն էր շահակից ուսումնական հաստատություններին ներկայացնել ծրագրի ընթացքը, նախատեսված գործընթացները և ակնկալվող վերջնարդյունքները։
ՈԱԱԿ Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի ղեկավար Վարդուհի Գյուլազյանը շահակիցներին ներկայացրեց QA4VET ծրագրի փուլերը և առաջիկա գործողությունները։
Նշվեց, որ մինչ այս փուլը շահակից քոլեջների շրջանում իրականացվել է կարիքների գնահատում, որի արդյունքներն օգտագործվելու են ծրագրի շրջանակում նախատեսված վերապատրաստումների ընթացքում։ Վերապատրաստումներն ուղղված են լինելու քոլեջների աշխատակիցների ինքնավերլուծության և փորձագիտական կարողությունների զարգացմանը։ Ծրագրի շրջանակում շահակից քոլեջներում կիրականացվի փորձնական հավատարմագրում։
Ծրագրի փուլերն են՝
- Ինքնավերլուծության կարողությունների զարգացում. ծրագրի միջազգային և հայաստանյան գործընկերների կողմից կանցկացվեն դասընթացներ՝ նվիրված ինքնավերլուծությանը և SWOT վերլուծությանը։
- Փորձագիտական կարողությունների զարգացում. ՈԱԱԿ-ը կկազմակերպի վերապատրաստումներ քոլեջների աշխատակիցների համար՝ հարցեր տալու, եզրահանգումներ իրականացնելու և զեկույց գրելու հմտությունների զարգացման նպատակով։
- Քոլեջի կողմից ինքնավերլուծության իրականացում. քոլեջները կիրականացնեն ինքնավերլուծություն՝ նախապատրաստվելով նախնական հավատարմագրմանը։
- Ուսումնասիրություն և նախնական գնահատում. կկատարվի փորձագիտական այց քոլեջներ՝ գնահատման նպատակով։
- Խորհրդատվական զեկույցների մշակում. փորձագիտական խումբը կկազմի զեկույցներ՝ վերլուծելով քոլեջների գործունեությունը ըստ հավատարմագրման չափանիշների և մատուցելով բարելավման վերաբերյալ խորհրդատվություններ։
- Բարելավման պլանների մշակում. Քոլեջներն, առաջնորդվելով փորձագիտական զեկույցներով և խորհրդատվություններով, բարելավման ծրագիր կկազմեն։
Գործընթացը կօգնի, որ քոլեջներն արդյունավետ կերպով նախապատրաստվեն ինստիտուցիոնալ հավատարմագրմանը ներքին կարողությունների զարգացման միջոցով։
QA4VET ծրագիրը նպատակ ունի բարելավել մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈւ) որակը Հայաստանում՝ մշակելով և իրականացնելով փորձնական հավատարմագրման ընթացակարգեր և գործիքներ, որոնք կաջակցեն որակի ապահովմանը ՄԿՈւ հաստատություններում և կրթության որակի մշակույթի ձևավորմանը։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է վերլուծել եվրոպական փորձը, կատարելագործել հայաստանյան մասնագետների կարողությունները, ինչպես նաև մշակել առաջարկություններ ՄԿՈւ հաստատություններում որակի շարունակական բարելավման համար՝ հատուկ ուշադրություն դարձնելով կանաչ և թվային ուղղվածությանը։
QA4VET (Փորձնական հավատարմագրման իրականացում՝ աջակցելու որակի ապահովմանը Հայաստանի ՄԿՈՒ հաստատություններում) նախագծի համակարգողն է Ռումինիայի նախնական կրթության որակի ապահովման գործակալությունը (ARACIP)։ Հայաստանից ներգրավված են Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը, Երևանի Ն. Աճեմյանի անվան տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջը, Վարդենիսի բժշկա-հումանիտար քոլեջը, «Կրթական քաղաքականության և կառավարման հայկական կենտրոն» ՀԿ-ն։ Նախագծում ներգրավված է նաև գործընկեր հաստատություն Գերմանիայից՝ «ԻՆՎՈԼԱՍ» մասնագիտական կրթության, աշխատաշուկայի և սոցիալական քաղաքականության ինստիտուտը։