Հունիսի 13-ին ՈԱԱԿ-ում կազմակերպվեց հանդիպում «Ուսանողության ձայն» նախաձեռնության նորեկ անդամների և հավատարմագրման գործընթացների փորձ ունեցող ուսանող-փորձագետների մասնակցությամբ։ Նպատակն էր ներկայացնել Եվրոպական ուսանողական միության (European Students’ Union, ESU) որակի ապահովման ուսանող-փորձագետների բազայում ընդգրկվելու հնարավորությունները։
Հանդիպման ընթացքում ESU ուսանող-փորձագետների բազային անդամակցության ընթացակարգը և դիմելու պայմանները ներկայացրեց բազայի գործող անդամ Արթուր Դավթյանը։
Նա պատմեց, թե ինչ փորձառություն է ձեռք բերել որպես ESU ուսանող-փորձագետ, դասընթացների և օտարերկրյա բուհերի հավատարմագրման մասնակցության շնորհիվ ինչ մասնագիտական աճ և ձեռքբերումներ է ունեցել։
Ներկայացվեց, թե ինչ փաստաթղթեր են հարկավոր անդամակցության համար դիմելիս, ինչ ժամկետներում և ինչպես է պետք դիմել՝ ընդգրվելու որակի ապահովման ուսանող-փորձագետների բազայում։
Շեշտադրվեց, թե ինչու պետք է ուսանողները մոտիվացված լինեն դիմել և անդամակցել ESU որակի ապահովման ուսանող-փորձագետների բազային։
Հանդիպման ավարտին քննարկվեցին ուսանողներին հուզող հարցերը։
Նշենք՝ այս պահին բաց է 2025/2026 թթ. անդամակցության համար հայտադիմումների ընդունման փուլը։ Դիմումների վերջնաժամկետն է հունիսի 23-ը ։
Ի՞նչ է ESU ուսանող-փորձագետների բազան
ESU-ի որակի ապահովման ուսանող-փորձագետների բազան մի հարթակ է, որտեղ ուսանողները ներգրավվում են տարբեր մակարդակների գնահատման գործընթացներում՝ մասնավորապես՝
- Բարձրագույն կրթության հաստատությունների արտաքին գնահատում,
- Որակի ապահովման ազգային և միջազգային գործակալությունների վերլուծություն,
- Կրթական քաղաքականության ձևավորմանն ուղղված քննարկումներ։
Արժե՞ դիմել
Եթե հետաքրքրված ես կրթության որակով, ուզում ես լսելի դարձնել ուսանողական ձայնը եվրոպական մակարդակում, ձեռք բերել նոր փորձ ու հմտություններ՝ սա հիանալի հնարավորություն է։
Մինչ այսօր ՈԱԱԿ-ի 8 ուսանող-փորձագետներ արդեն իսկ ընդգրկվել են ESU-ի այս բազայում՝ մասնակցելով միջազգային գնահատումներին ու ներկայացնելով Հայաստանի ուսանողական համայնքը։
Հիմա քո հերթն է։