Ինստիտուցիոնալ հավատարմագրման նպատակով առաջիկայում տեղի կունենան փորձագիտական այցեր Մեհրաբյանի անվան բժշկական քոլեջ և Հյուսիսային համալսարանի քոլեջ։ Մարտի 6-ին ՈԱԱԿ-ում տեղի ունեցավ հանդիպում ՈԱԱԿ տնօրենի, Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի ղեկավարի, 2 քոլեջների փորձագիտական խմբերի և համակարգողների մասնակցությամբ:
Քննարկվեցին նախնական գնահատման արդյունքում դուրս բերված հիմնական խնդիրները և հիպոթեզները, փորձագիտական այցի առանձնահատկությունները։
Հանդիպման առանցքային թեմաներն էին.
- Քննարկվեց, թե որքանով են քոլեջներում ուսանողներին հանձնարարվող առաջադրանքները և կիրառվող գնահատման չափանիշները ներառում հետազոտական բաղադրիչը։ Ընդգծվեց, որ քոլեջների շրջանավարտները պետք է տիրապետեն տվյալների հավաքագրման, վերլուծության և հիմնավորված որոշումներ կայացնելու հմտություններին։
- Նշվեց, որ գործատուները հատկապես տեխնոլոգիաների առումով մեկ քայլ առաջ են ուսումնական հաստատություններից, ուստի կարևոր է, որ փորձագետները խորհրդատվություններով աջակցեն կրթական հաստատություններին՝ լրացնելու այդ բացը։ Քոլեջը պետք է ձգտի միջազգային չափանիշներին տիրապետող և գործատուի պահանջներին համապատասխան մասնագետներ պատրաստել:
Անդրադարձ կատարվեց նաև հավատարմագրման պետական կարգում տեղի ունեցած փոփոխություններին: Կարևորվեց, որ փորձագիտական զեկույցները պարունակեն բոլոր անհրաժեշտ տվյալները, որոնք կօգնեն հավատարմագրման հանձնաժողովին տվյալահենք և օբյեկտիվ որոշում կայացնելու հարցում։
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց «ՄԿՈՒ ոլորտում նորարարական ուսուցման կարողությունների զարգացում» ծրագրին, որը ՈԱԱԿ-ն իրականացնում է Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամի աջակցությամբ: Հարցադրումների և քննարկումների միջոցով վեր հանվեցին ոլորտի շահակիցների կարիքները հետազոտության, թվային կարողությունների զարգացման և ՄԿԾ-ների արդիականացման տիրույթներում:
Նշենք՝ ծրագիրը նպատակ ունի զարգացնել ՄԿՈՒ դասախոսների գործնական հետազոտական հմտություններն ու թվային կարողությունները, որպեսզի նրանք կարողանան ինքնուրույն վերանայել և արդիականացնել կրթական ծրագրերը և դասընթացի նկարագրերը՝ համապատասխանեցնելով դրանք աշխատաշուկայի պահանջներին և Որակավորումների ազգային շրջանակին։