Մայիսի 2-ին Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) նախաձեռնությամբ կայացավ ՄԿՈւ հաստատությունների մասնակցությամբ կազմակերպված վեբինար, որը նվիրված էր ուսումնական գործընթացում հետազոտության ինտեգրման լավագույն փորձերի ներկայացմանը։
ՈԱԱԿ-ն ինստիտուցիոնալ հավատարմագրման շրջանակում խթանում է ՄԿՈւ հաստատություններում ուսանողների կողմից այնպիսի առաջադրանքների ու նախագծերի իրականացումը, որոնք կօգնեն զարգացնել հետազոտական հմտություններ, ձևավորել մասնագիտական մտածողություն և թողարկել վերլուծական ու քննադատաբար մտածող մասնագետներ՝ ՈԱՇ-ի հինգերորդ մակարդակի պահանջներին համապատասխան։
Ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացների շրջանակում շեշտադրվել են․
- դասախոսների և ուսանողների կողմից ոլորտային ուսումնասիրությունների իրականացումը,
- տվյալների հավաքագրումը և վերլուծությունը,
- գործնական խնդիրների հետազոտումը։
Այս համատեքստում մեկնարկած «Հետազոտության փորձի վերհանում և տարածում» թեմայով վեբինարների շարքի նպատակն է քննարկել հետազոտության միջոցով ուսանողների մասնագիտական մտածողության ձևավորման ուղղությամբ կիրառվող մոդելները, փոխանակել փորձը և նպաստել հետազոտության համակարգված ներառմանը կրթական ծրագրերում։
Վեբինարի ընթացքում զեկույցներով հանդես եկան․
- Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջը,
- «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջը։
Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջը ներկայացրեց «Հետազոտությունը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում» թեմայով մոդելը, որը կառուցված է հետևյալ սկզբունքներով․
- Ուսումնական գործընթացում հետազոտությունը արտահայտվում է ծրագրային պրոդուկտների ստեղծման միջոցով,
- Կիրառվում է մոդուլային համակարգ, որը տրամաբանական հաջորդականությամբ ուսանողին դարձնում է մասնագետ՝ առաջադրանքներից մինչև դիպլոմային նախագիծ,
- Ուսումնական պլանը վերանայվել է՝ ըստ պրոդուկտի կառուցվածքի և թեմատիկ քարտեզագրման,
- Առաջադրանքները տրվում են ըստ ուսանողի առանձնահատկությունների և կարողությունների,
- Արդյունքները գնահատվում են ըստ պրոդուկտի ամբողջականության, բարդության և կիրառելիության։
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջը ներկայացրեց «Հետազոտությունը «Զբոսաշրջություն» ՄԿԾ-ում» թեմայով մոտեցումը, որն ունի համայնքահենք ուղղվածություն․
- Հետազոտությունը դիտարկվում է որպես մասնագիտական ակտիվ գործունեություն,
- Ուսանողներն իրականացնում են դաշտային ուսումնասիրություններ՝ զբոսաշրջիկների հոսքի վերլուծություն, սպասարկման խնդիրների բացահայտում, համայնքի ներգրավվածության ուսումնասիրություն,
- Ուսումնասիրությունները վերածվում են գործնական նախագծերի՝ զբոսաշրջային երթուղիներ, տուր փաթեթներ, իրազեկման ակցիաներ,
- Ուսուցման մեթոդները խթանում են ուսանողի՝ որպես նախաձեռնողի ու հետազոտողի ձևավորումը,
- Հետազոտական արդյունքները ներկայացվում են համայնքին, տեղական իշխանություններին ու գործատուներին՝ ամրապնդելով կրթություն-հասարակություն կապը։
Վեբինարների շարքը շարունակական է լինելու։ Հետազոտության ոլորտում հաջողված փորձ ունեցող ՄԿՈւ հաստատությունները կարող են դիմել ՈԱԱԿ՝ հաջորդ հանդիպումների ընթացքում իրենց մոդելներն ու արդյունքները ներկայացնելու և մյուս հաստատություններից արձագանք ստանալու համար։