Մասնագիտական կրթության ընթացքում կարևոր է, որ ուսանողը ոչ միայն սովորի՝ ինչպես կատարել այս կամ այն աշխատանքը, այլև կարողանա ուսումնասիրել մասնագիտական իրավիճակները, աշխատել տվյալների հետ և հասկանալ՝ ինչու է մի դեպքում ստացվում ցանկալի արդյունք, իսկ մյուս դեպքում՝ ոչ։
Հենց այս կարողությունների զարգացմանն են ուղղված հետազոտական առաջադրանքները, որոնց կիրառումը ՈԱԱԿ-ը շարունակում է խթանել ՄԿՈՒ հաստատություններում։
Այս մոտեցման կիրառման փորձն է քննարկվել սեպտեմբերի 11-ին Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամի աջակցությամբ իրականացվող «ՄԿՈՒ հաստատությունների դասախոսների հետազոտական և թվային կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակում վերապատրաստված դասախոսների հետ առցանց հանդիպման ընթացքում։
Վերապատրաստումներից հետո դասախոսները մշակված հետազոտական առաջադրանքները կիրառել են դասընթացներում և արտադրական պրակտիկայում։ Հանդիպման ընթացքում քննարկվել է՝ ինչն է հաջողվել, ինչ դժվարությունների են հանդիպել դասախոսներն ու ուսանողները և ինչ է անհրաժեշտ բարելավել։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել նրան, թե որքանով են ուսանողները կարողացել ինքնուրույն աշխատել տվյալների հետ և հիմնավորել իրենց եզրակացությունները։
Փորձը ցույց է տվել, որ հետազոտական աշխատանքն առավել արդյունավետ է, երբ բխում է ուսումնասիրվող թեմայից և ապագա մասնագիտական աշխատանքից։ Այս գործընթացում փոխվում է նաև դասախոսի դերը․ նա ոչ թե պատրաստի պատասխան է տալիս, այլ ուղղորդում է ուսանողին՝ հանդես գալով որպես մոդերատոր և ֆասիլիտատոր։ Սկզբնական փուլում դասախոսի աջակցությունն ավելի մեծ է, իսկ հետագայում ուսանողն աստիճանաբար ավելի ինքնուրույն է աշխատում։
Քննարկումները ցույց են տվել նաև, որ ուսանողների ներգրավվածության համար կարևոր է առաջադրանքի հստակությունը։ Ուսանողը պետք է հասկանա՝ ինչ է ուսումնասիրում, ինչ տվյալներ են անհրաժեշտ և ինչ արդյունքի պետք է հասնի։
Միաժամանակ, ուսանողական հետազոտությունը պարտադիր չէ լինի բարդ կամ մեծածավալ։ Այն կարող է սկսվել մասնագիտական աշխատանքի ընթացքում առաջացող պարզ հարցից՝ ինչո՞ւ մի դեպքում արդյունքը լավ է, իսկ մյուս դեպքում՝ ոչ, ինչի՞ց է դա կախված և ի՞նչ կարելի է փոխել։ Հարցը կարող է առաջարկել ուսանողը, դասախոսը կամ նրանք կարող են այն ձևակերպել միասին։ Կարևորն այն է, որ ուսանողը սովորի տվյալների միջոցով հասկանալ պատճառներն ու կապերը և դրանց հիման վրա հիմնավորված եզրակացության գալ։
Այս մոտեցումը հնարավորություն է տալիս ուսանողին ոչ միայն նկատել խնդիրները, այլև հասկանալ՝ ինչն է լավ աշխատում, ինչը՝ ոչ և ինչու։ Այդպիսով հետազոտությունը դառնում է մասնագիտական աշխատանքը հասկանալու, որոշումներ կայացնելու և այն բարելավելու գործիք։
Նոր կիսամյակում դասախոսները կշարունակեն կիրառել և կատարելագործել հետազոտական առաջադրանքները՝ դրանք հնարավորության դեպքում ներառելով նաև արտադրական պրակտիկայում։ Կշարունակվեն նաև պարբերական քննարկումները՝ կուտակված փորձը վերլուծելու, հաջողված մոտեցումները տարածելու և առաջացած դժվարությունների համար լուծումներ գտնելու նպատակով։