Մայիսի 26-28-ը ՈԱԱԿ փորձագիտական խումբն ինստիտուցիոնալ հավատարմագրման նպատակով արտաքին գնահատում է իրականացնում Չարենցավանի պետական քոլեջում։
Փորձագիտական խմբի ղեկավարն է ֆիզ․ մաթ․ գիտությունների թեկնածու, դոցենտ, Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի բնական գիտությունների ֆակուլտետի դեկան Հերմինե Գրիգորյանը։ Խմբի անդամներն են ՀԱՊՀ դասախոս, «Կիրառական մաթեմատիկա և ֆիզիկա» ֆակուլտետի դեկանի տեղակալ Էլեն Հարությունյանը, Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջի դասախոս Էսֆիրա Խաչատրյանը, Հայաստանի եվրոպական համալսարանի ուսանող Լիլիթ Սահակյանը։
Այցը համակարգում է ՈԱԱԿ Քարտուղարության մասնագետ Լիլիթ Ղազարյանը:
Մինչ այցը փորձագետներն ուսումնասիրել են քոլեջի ինքնավերլուծությունը, փաստաթղթային բազան, իրականացրել նախնական գնահատում:
Արտաքին գնահատման շրջանակներում հանդիպումներ են տեղի ունեցել քոլեջի ղեկավար կազմի, ինքնավերլուծություն իրականացրած խմբի, ուսանողների, շրջանավարտների, գործատուների, դասախոսների, ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ:
Մասնագիտական հանդիպում-քննարկումներ են տեղի ունեցել «Սպասարկման կազմակերպում հյուրանոցներում և զբոսաշրջային համալիրներում», «Տրանսպորտային միջոցների նորոգում և շահագործում» և «Խոհարարական գործ» կրթական ծրագրերի պատախանատուների, դասավանդող անձնակազմի և ուսանողների հետ:
Նախատեսված է հանդիպում որակի ապահովման պատասխանատուի հետ, ինչպես նաև դասալսումներ և ռեսուրսների դիտարկում։
Այցից հետո փորձագետները զեկույց կկազմեն՝ ըստ ինստիտուցիոնալ հավատարմագրման 10 չափանիշների վերլուծելով քոլեջի գործունեությունը: Փորձագետները կմատնանշեն բարելավման ուղղությունները և համապատասխան խորհրդատվություն կմատուցեն, որի հիման վրա ՄՈՒՀ-ը կկազմի թերությունների վերացման ծրագիր հստակ ժամանակացույցով:
Հաջորդիվ ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովը, ուսումնասիրելով փաստաթղթային փաթեթը և հանդիպումներ ունենալով ուսումնական հաստատության ներկայացուցիչների ու փորձագետների հետ, որոշում կկայացնի ՄՈՒՀ-ին հավատարմագրում շնորհելու կամ հավատարմագրումը մերժելու մասին: