Հունիսի 30-հուլիսի 2-ը ՈԱԱԿ փորձագիտական խումբն ինստիտուցիոնալ հավատարմագրման նպատակով արտաքին գնահատում է իրականացնում Նոյեմբերյանի պետական քոլեջում։
Փորձագիտական խմբի ղեկավարն է ՇՊՀ-ի ֆիզիկական դաստիարակության տեսության և մեթոդիկայի ամբիոնի դասախոս, մանկավարժական գիտությունների թեկնածու Այսա Սիմոնյանը: Խմբի անդամներն են Էջմիածնի Վ․ Համազասպյանի անվան պետական քոլեջի Տնտեսագիտության ամբիոնի վարիչ Սյուզաննա Հովսեփյանը, Երևանի պետական հումանիտար-տեխնիկական քոլեջի դասախոս Տաթևիկ Պետրոսյանը, Արարատի պարածաշրջանային պետական քոլեջի Համակարգչային գեղարվեստական նախագծում բաժնի ուսանող Էվա Միրզոյանը։
Այցը համակարգում է ՈԱԱԿ Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի մասնագետ Անահիտ Տերտերյանը։
Մինչ այցը փորձագետներն ուսումնասիրել են քոլեջի ինքնավերլուծությունը, փաստաթղթային բազան, իրականացրել նախնական գնահատում:
Արտաքին գնահատման շրջանակներում հանդիպումներ են տեղի ունեցել քոլեջի ղեկավար կազմի, ինքնավերլուծություն իրականացրած խմբի, ուսանողների, շրջանավարտների, գործատուների, ստորաբաժանումների ղեկավարների, դասախոսների, որակի ապահովման պատասխանատուի և մի շարք այլ ներքին և արտաքին շահակիցների հետ, փորձագետներն իրականացրել են դասալսումներ և ռեսուրսների դիտարկում։
Մասնագիտական հանդիպում-քննարկումներ են տեղի ունեցել «Խոհարարական գործ», Համակարգչային գեղարվեստական նախագծում» և «Հաշվապահական հաշվառում» կրթական ծրագրերի պատախանատուների, դասավանդող անձնակազմի և ուսանողների հետ:
Այցից հետո փորձագետները զեկույց կկազմեն՝ ըստ ինստիտուցիոնալ հավատարմագրման 10 չափանիշների վերլուծելով քոլեջի գործունեությունը: Փորձագետները կմատնանշեն բարելավման ուղղությունները և համապատասխան խորհրդատվություն կմատուցեն, որի հիման վրա ՄՈՒՀ-ը կկազմի թերությունների վերացման ծրագիր:
Հաջորդիվ ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովը, ուսումնասիրելով փաստաթղթային փաթեթը և հանդիպումներ ունենալով ուսումնական հաստատության ներկայացուցիչների ու փորձագետների հետ, որոշում կկայացնի ՄՈՒՀ-ին հավատարմագրում շնորհելու կամ հավատարմագրումը մերժելու մասին: