Հոկտեմբերի 20-22-ը ՈԱԱԿ փորձագիտական խումբն ինստիտուցիոնալ հավատարմագրման նպատակով արտաքին գնահատում է իրականացնում Մասիսի պետական գյուղատնտեսական քոլեջում։
Փորձագիտական խմբի ղեկավարն է ֆիզ․ մաթ․ գիտությունների թեկնածու, Հայաստանի եվրոպական համալսարանի դասախոս, ՀՖՍԿՊԻ որակի ապահովման բաժնի պետ Գագիկ Քթրյանը: Խմբի անդամներն են Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի և ԵՊՀ գիտաշխատող, կ․գ․թ, ասիստենտ Հեղինե Գևորգյանը, Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջի դասախոս Քրիստինե Նուրիջանյանը, Հայաստանում ֆրանսիական համալսարանի ուսանող Խաչիկ Ավետիսյանը։
Գործընթացը համակարգում է ՈԱԱԿ Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի մասնագետ Անահիտ Տերտերյանը։
Մինչ այցը փորձագետներն ուսումնասիրել են քոլեջի ինքնավերլուծությունը, փաստաթղթային բազան, իրականացրել նախնական գնահատում:
Արտաքին գնահատման շրջանակներում հանդիպումներ են տեղի ունեցել քոլեջի ղեկավար կազմի, ինքնավերլուծություն իրականացրած խմբի, շրջանավարտների, գործատուների, կրթական ծրագրերի պատասխանատուների, որակի ապահովման պատասխանատուի և մի շարք այլ շահակիցների հետ, իրականացվել են դասալսումներ և ռեսուրսների դիտարկում:
Մասնագիտական հանդիպում քննարկումներ են տեղի ունեցել «Մենեջմենթ(ըստ ճյուղերի)», «Ջերմատնային տնտեսություն» և «Ծխախոտի աճեցման և վերամշակման տեխնոլոգիա» կրթական ծրագրերի պատախանատուների, դասավանդող անձնակազմի և ուսանողների հետ:
Այցից հետո փորձագետները զեկույց կկազմեն՝ ըստ ինստիտուցիոնալ հավատարմագրման 10 չափանիշների վերլուծելով քոլեջի գործունեությունը: Փորձագետները կմատնանշեն բարելավման ուղղությունները և համապատասխան խորհրդատվություն կմատուցեն, որի հիման վրա ՄՈՒՀ-ը կկազմի բարելավման ծրագիր հստակ ժամանակացույցով:
Հաջորդիվ ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովը, ուսումնասիրելով փաստաթղթային փաթեթը և հանդիպումներ ունենալով ուսումնական հաստատության ներկայացուցիչների ու փորձագետների հետ, որոշում կկայացնի ՄՈՒՀ-ին հավատարմագրում շնորհելու կամ հավատարմագրումը մերժելու մասին: