Դեկտեմբերի 15-17-ը ՈԱԱԿ փորձագիտական խումբն ինստիտուցիոնալ հավատարմագրման նպատակով արտաքին գնահատում է իրականացնում Երևանի պարարվեստի պետական քոլեջում։
Փորձագիտական խմբի ղեկավարն է Հայաստանի եվրոպական համալսարանի «Ֆինանսներ և բանկային գործ» ֆակուլտետի դեկան, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Արմենուհի Մհերյանը: Խմբի անդամներն են Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Խորեոգրաֆիայի ամբիոնի վարիչ, դոցենտ Լիանա Հակոբյանը, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի և Երևանի տարածաշրջանային թիվ 1 պետական քոլեջի դասախոս Հարություն Մինասյանը, ԵՊՀ «Կրթության կազմակերպում» ՄԿԾ ուսանող Անուշ Հարությունյանը։
Այցը համակարգում է ՈԱԱԿ Քարտուղարության մասնագետ Լիլիթ Ղազարյանը:
Մինչ այցը փորձագետներն ուսումնասիրել են քոլեջի ինքնավերլուծությունը, փաստաթղթային բազան, իրականացրել ռեսուրսների դիտարկում, դասալսումներ և նախնական գնահատում:
Արտաքին գնահատման շրջանակներում հանդիպումներ են տեղի ունեցել քոլեջի ղեկավար կազմի, ինքնավերլուծություն իրականացրած խմբի, ուսանողների, շրջանավարտների, գործատուների, դասախոսների, ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ:
Մասնագիտական հանդիպում-քննարկումներ են տեղի ունեցել «Դերասան բալետի», «Դերասան ժողովրդական պարային համույթի» և «Պարի ուսուցում» կրթական ծրագրերի պատախանատուների, դասավանդող անձնակազմի և ուսանողների հետ:
Նախատեսված է հանդիպում որակի ապահովման պատասխանատուի և մի շարք ներքին և արտաքին շահակիցների հետ։
Այցից հետո փորձագետները զեկույց կկազմեն՝ ըստ ինստիտուցիոնալ հավատարմագրման 10 չափանիշների վերլուծելով քոլեջի գործունեությունը: Փորձագետները կմատնանշեն բարելավման ուղղությունները և համապատասխան խորհրդատվություն կմատուցեն, որի հիման վրա ՄՈՒՀ-ը կկազմի թերությունների վերացման ծրագիր հստակ ժամանակացույցով:
Հաջորդիվ ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովը, ուսումնասիրելով փաստաթղթային փաթեթը և հանդիպումներ ունենալով ուսումնական հաստատության ներկայացուցիչների ու փորձագետների հետ, որոշում կկայացնի ՄՈՒՀ-ին հավատարմագրում շնորհելու կամ հավատարմագրումը մերժելու մասին: