Հոկտեմբերի 20-22-ը ՈԱԱԿ փորձագիտական խումբն ինստիտուցիոնալ հավատարմագրման նպատակով արտաքին գնահատում է իրականացնում Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջում։
Փորձագիտական խմբի ղեկավարն է Հայաստանի եվրոպական համալսարանի «Ֆինանսներ և բանկային գործ» ամբիոնի վարիչ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Արմենուհի Մհերյանը: Խմբի անդամներն են ՀՊՄՀ Գեղարվեստական կրթության ֆակուլտետի Կերպարվեստի ամբիոնի դասախոս Հռիփսիմե Մարոնյանը, Երևանի Առնո Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական քոլեջի և Երևանի Ղ. Սարյանի անվան արվեստի դպրոցի երաժշտության ուսուցիչ Նաիրա Խաչատրյանը, Երևանի թեթև արդյունաբերության պետական քոլեջի Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում բաժնի ուսանող Անի Շահբազյանը։
Գործընթացը համակարգում է ՈԱԱԿ Քաղաքականության մշակման բաժնի մասնագետ Մերի Բարսեղյանը:
Մինչ այցը փորձագետներն ուսումնասիրել են քոլեջի ինքնավերլուծությունը, փաստաթղթային բազան, իրականացրել նախնական գնահատում:
Արտաքին գնահատման շրջանակներում հանդիպումներ են տեղի ունեցել քոլեջի ղեկավար կազմի, ինքնավերլուծություն իրականացրած խմբի, շրջանավարտների, գործատուների, կրթական ծրագրերի պատասխանատուների հետ, իրականացվել են դասալսումներ և ռեսուրսների դիտարկում:
Մասնագիտական հանդիպում քննարկումներ են տեղի ունեցել «Դիզայն», «Գործիքային կատարողական արվեստ» և «Երգեցողություն» կրթական ծրագրերի պատախանատուների, դասավանդող անձնակազմի և ուսանողների հետ:
Նախատեսված են նաև հանդիպումներ որակի ապահովման պատասխանատուների, ներքին և արտաքին այլ շահակիցների հետ:
Այցից հետո փորձագետները զեկույց կկազմեն՝ ըստ ինստիտուցիոնալ հավատարմագրման 10 չափանիշների վերլուծելով քոլեջի գործունեությունը: Փորձագետները կմատնանշեն բարելավման ուղղությունները և համապատասխան խորհրդատվություն կմատուցեն, որի հիման վրա ՄՈՒՀ-ը կկազմի բարելավման ծրագիր հստակ ժամանակացույցով:
Հաջորդիվ ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովը, ուսումնասիրելով փաստաթղթային փաթեթը և հանդիպումներ ունենալով ուսումնական հաստատության ներկայացուցիչների ու փորձագետների հետ, որոշում կկայացնի ՄՈՒՀ-ին հավատարմագրում շնորհելու կամ հավատարմագրումը մերժելու մասին: