Օգոստոսի 27-ին տեղի ունեցավ Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) համակարգմամբ իրականացվող Erasmus+ eCAMPUS «Սոցիալական հեռավորություն պահպանող և ներառական կամպուսային կրթության խթանումը Հայաստանի բուհերում. ԷլԿԱՄՊՈՒՍ» նախագծի առցանց համաժողովը, որը նվիրված էր Հայաստանի բուհերում դասավանդողների թվային կարիքների գնահատման արդյունքների ամփոփմանը և դասավանդման, ուսումնառության և գնահատման համար թվային կարողությունների շրջանակի մշակմանը։
Առցանց համաժողովին գրանցվել և մասնակցում էին հայաստանյան և եվրոպական բուհերի և հաստատությունների շուրջ 90 ներկայացուցիչներ։ Համաժողովին մասնակցում էր նաև ՈԱԱԿ-ը։
ԵՊՀ որակի ապահովման կենտրոնի տնօրեն, նախագծի համակարգող Արմեն Բուդաղյանը հանդես եկավ ողջույնի խոսքով, ապա մեկ անգամ ևս ներկայացրեց eCAMPUS նախագծի հիմնական նպատակները և առաջիկայում նախատեսվող գործողությունները։ Նա հատկապես կարևորեց ՀՀ բուհերի համար «Թվային կարողությունների շրջանակի» ստեղծման աշխատանքները։ Այնուհետև Հյուսիսային համալսարանի պրոռեկտոր Լուսինե Ֆլջյանը ներկայացրեց տարբեր երկրների թվային կարողությունների շրջանակների լավագույն փորձը և հիմնական խնդիրները։
Համաժողովի առաջին հատվածում եյույթներով հանդես եկան և իրենց փորձը ներկայացրին Նախագծի եվրոպական գործընկեր բուհերի ներկայացուցիչները՝ Ջիովանի Ադորնին (Ջենովայի համալսարան), Ռուի Մենդեսը (Լիսաբոնի համալսարան), Խուակին Լաբրան (Մադրիդի համալսարան) և Վիկտոր Կորդասը (Ստոկհոլմի թագավորական ինստիտուտ)։ Նրանք ներկայացրին իրենց երկրներում թվային կարողությունների շրջանակները, դրանց մշակման և գործարկման առանձնահատկությունները։
Համաժողովի երկրորդ հատվածում ելույթ ունեցան Նախագծի հայաստանյան բուհերի ներկայացուցիչները՝ Արամ Հայրապետյանը (ԵՊԲՀ), Արթուր Ավագյանը (ԵՊՀ), Մարիաննա Հարությունյանը (ԵՊՄՀ), Լուսինե Ֆլջյանը (ՀՀ), ովքեր ներկայացրեցին իրենց բուհերում ուսանողների և դասախոսների թվային կարիքների գնահատման հարցումների արդյունքները։ Այնուհետև, Երևանի պետական համալսարանի Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի դասախոս Սերոբ Խաչատրյանն ամփոփեց ՀՀ ութ բուհերում իրականացված հարցումների արդյունքները՝ շեշտադրելով հիմնական խնդիրները և կարիքները։
Համաժողովի քննարկման հիմնական թեման Հայաստանյան բուհերի համար «Թվային կարողությունների շրջանակի» ներդրման և իրագործման քաղաքականության փաստաթուղթն էր, որը մանրամասն ներկայացրեց Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի որակի գնահատման և ապահովման կենտրոնի տնօրեն Արամ Հայրապետյանը։ Ջենովայի համալսարանի պրոֆեսոր Ջիովանի Ադորնին ներկայացրեց թվային հմտությունների ներդրման գործնական քայլերը դասավանդման, ուսումնառության և գնահատման գործընթացներում։
Համաժողովի ավարտին մասնակիցները կարևորեցին հայաստանյան բուհերի դասավանդողների թվային կարողությունների զարգացումը և համապատասխան շրջանակի ներդրումը։
Համաժողովը ամփոփեց Նախագծի համակարգող՝ Ա. Բուդաղյանը շնորհակություն հայտնելով մասնակիցներին և կարևորելով գործընկերների և բոլոր շահակիցների հետ հանդիպումները և քննարկումները։