Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ) դարձել է Ակադեմիական ազնվության գլոբալ ցանցի անդամ (GAIN)։
GAIN-ը համաշխարհային հարթակ է, որը հիմնադրվել է Իռլանդիայի Quality and Qualifications Ireland գործակալության և Ավստրալիայի Tertiary Education Quality and Standards Agency (TEQSA)-ի կողմից։ Այն միավորում է կրթության որակի ապահովման և ակադեմիական ազնվության ոլորտի կառույցներին՝ նպատակ ունենալով համատեղ ուժերով պայքարել պատվերով աշխատանքներ առաջարկող առևտրային ծառայությունների դեմ։
Ցանցի գործունեությունը միտված է պաշտպանել ուսանողների շահերը, բարձրագույն կրթության որակը և որակավորման ազգային համակարգերի նկատմամբ վստահությունը։ Այն նպաստում է փորձի ու տեղեկատվության փոխանակմանը, անդամ երկրներին աջակցում է գործնական լուծումների մշակման գործում և խրախուսում օրենսդրական ու վերահսկողական մեխանիզմների ներդրումը՝ կանխելու ու սահմանափակելու պատվերով աշխատանքների առաջարկն ու գովազդը։
ՈԱԱԿ-ի անդամակցությունը GAIN-ին կարևոր քայլ է Հայաստանի համար․ այն հնարավորություն կտա կիսվել ազգային փորձով և միաժամանակ տեղայնացնել գործընկեր կառույցների լավագույն փորձը՝ բարձրացնելով կրթության որակն ու վստահելիությունը։