Եվրոպական կրթական հիմնադրամի (ETF) մշակած ՄԿՈՒ համակարգի հայտորոշման գործիքը, որը միտված է մասնագիտական կրթության և ուսուցման համակարգի վերլուծությանը, ուժեղ և թույլ կողմերի բացահայտմանը և բարելավման ուղիների ձևակերպմանը, ներկայում փորձարկվում է Հայաստանում։ Մեր երկիրն առաջիններից մեկն է կիրառում այդ գործիքը։
Մայիսի 21-ին, ժամը 10:00-ին, Հայաստանի ամերիկյան համալսարանի Մանուկեան սրահում (Բաղրամյան պողոտա 40) կմեկնարկի աշխատաժողով՝ «Միջազգայնացումը՝ ՄԿՈՒ համակարգի զարգացման ուղենիշ. Եվրոպական կրթական հիմնադրամի հայտորոշման գործիքի փորձարկում» խորագրով։
Միջոցառումը կազմակերպում են Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ) և Եվրոպական կրթական հիմնադրամը (ETF)։
Աշխատաժողովի ընթացքում նախատեսված են խորքային քննարկումներ գործիքի հինգ հիմնական տիրույթների շուրջ՝ ՄԿՈՒ ոլորտի քաղաքականություն մշակողների, կառավարիչների և փորձագետների մասնակցությամբ։
Մասնակիցներին ողջույնի խոսք կհղեն ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը, ETF ՄԿՈՒ քաղաքականության մշակման առաջատար մասնագետ Մունիր Բաատին:
Աշխատաժողովին կմասնակցեն.
- ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ,
- ՈԱԱԿ Հավատարմագրման հանձնաժողովի անդամներ,
- Որակի ապահովման փորձագետներ,
- Քոլեջների տնօրեններ և որակի պատասխանատուներ:
Գործիքը հիմնված է EQAVET-ի՝ որակի ապահովման եվրոպական ցուցիչների շրջանակի վրա և ներառում է հինգ առանցքային տիրույթ՝
- Քաղաքականություն և կառավարում,
- Կրթական չափորոշիչներ և որակավորումներ,
- Կրթական ծառայությունների մատուցում,
- Գնահատում, վավերացում և հավաստագրում,
- Տվյալների և գիտելիքի ստեղծում:
ՀՀ ՄԿՈՒ համակարգի հայտորոշման գործընթացը մեկնարկել է 2024թ․ հոկտեմբերին՝ Երևանում։ Այնուհետև շարունակվել է առցանց հանդիպումներով։ Մայիսի 21-ի աշխատաժողովն ուղղված է նախորդ փուլերում բաց մնացած հարցերի քննարկմանը, ամբողջական վերլուծական պատկեր կազմելուն և վերջնական ամփոփման նախապատրաստմանը։