Մայիսի 27-30-ը Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) և Գերմանական որակի ապահովման գործակալության (AQAS) համատեղ փորձագիտական խումբն ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման գործընթացի շրջանակում արտաքին գնահատում է իրականացնում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում։
Փորձագիտական խմբի անդամներն են Գերմանիայի Լայբնիցի Հանովերի համալսարանի որակի ապահովման կենտրոնի ղեկավար, բանասիրական գիտությունների դոկտոր Աննե-Դյորտե Բալքսը, Լատվիայի Բիզնեսի և ֆինանսների բալթյան դպրոցի պրոֆեսոր, Լատվիայի բարձրագույն կրթության լիցենզավորման և հավատարմագրման հանձնաժողովների ղեկավար Տատյանա Վոլկովան, Գերմանիայի Բրեմենի համալսարանի պրոֆեսոր Անդրե Վ. Հայնեմանը, տնտեսագիտության թեկնածու, ԵՊՀ Բիզնեսի կառավարման ամբիոնի դոցենտ Նոննա Խաչատրյանը, «Գրանթ Թորնթոն Հայաստան» ընկերության տվյալների վերլուծության կենտրոնի ղեկավար Նաիրա Դերզյանը, Վանաձորի պետական համալսարանի ուսանող Արփինե Հակոբյանը։
Հավատարմագրման գործընթացը համակարգում են ՈԱԱԿ Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի ղեկավար Վարդուհի Գյուլազյանը և AQAS-ի միջազգային զարգացման գծով փոխտնօրեն Ռոննի Հայնցեն։
Հայ-գերմանական փորձագիտական խումբը այցի ընթացքում հանդիպումներ է ունեցել բուհի ղեկավարության, ստորաբաժանումների ներկայացուցիչների, գործատուների, դասախոսների, ուսանողների, ներքին և արտաքին շահակիցների հետ։
Մասնագիտական հանդիպում-քննարկումներ են տեղի ունեցել «Տնտեսագիտություն», «Ֆինանսներ» և «Կառավարում» կրթական ծրագրերի պատասխանատուների, դասավանդող անձնակազմի, գործատուների և ուսանողների հետ:
Այցից հետո փորձագետները կկազմեն համատեղ զեկույցներ՝ ըստ հավատարմագրման չափանիշների վերլուծելով բուհի և կրթական ծրագրերի գործունեությունը: Հայ-գերմանական փորձագիտական խումբը կմատնանշի բարելավման ուղղությունները և կներկայացնի համապատասխան խորհրդատվություններ, որոնց հիման վրա բուհը կկազմի թերությունների վերացման ծրագիր՝ հստակ ժամանակացույցով:
Հաջորդիվ երկու երկրների հավատարմագրման հանձնաժողովները կհրապարակեն առանձին որոշումներ բուհի ինստիտուցիոնալ և դիտարկված երեք կրթական ծրագրերի հավատարամագրման վերաբերյալ։