Հունիսի 13-ին Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ) որակի ներքին ապահովման համակարգի մշտադիտարկում իրականացրեց Հյուսիսային համալսարանում։ Նպատակն էր դիտարկել կրթության որակի ներքին ապահովման համակարգի ընթացիկ վիճակը, կրթական ծրագրերի ներքին գնահատման արդյունքները, հավատարմագրման ազդեցությունը բուհի որակի ապահովման համակարգի վրա, ինչպես նաև թերությունների վերացման ուղղությամբ իրականացված քայլերը։
Մշտադիտարկման շրջանակներում հանդիպումներ տեղի ունեցան հաստատության ղեկավար կազմի, ամբիոնների վարիչների, դասախոսների, ուսանողների և որակի ապահովման պատասխանատուների հետ։
Քննարկման առանցքում հետևյալ հիմնական թեմաներն էին․
- Ռազմավարական պլանավորում: Քննարկվեց, թե արդյոք համալսարանի ռազմավարական պլանավորումը հիմնված է ռեսուրսների վերլուծության, ռիսկերի գնահատման և շահակիցների ներգրավվածության վրա՝ նպաստելով իրագործելի նպատակների սահմանմանը։
- Կրթական ծրագրերի բարելավում: Քննարկվեցին ուսումնական ծրագրերի բարելավման, դրանցում կանաչ և ներառական կարողությունների ինտեգրման, ինչպես նաև հետազոտական բաղադրիչի և պրակտիկ գործունեության ընդգրկման ուղղությամբ տարվող աշխատանքները։
- Տվյալների հավաքագրում և վերլուծություն: Քննարկվեցին տվյալների հավաքագրման և վերլուծության մեխանիզմները, որոնք նպաստում են տվյալահենք որոշումների կայացմանը, ներառյալ ներքին աուդիտի կանոնակարգումը և աշխատաշուկայի պահանջներին համապատասխան փոփոխությունների իրականացումը։
- Ուսանողների գործնական և հետազոտական կարողություններ: Քննարկվեց ուսանողների գործնական և հետազոտական կարողությունների զարգացումը՝ բանավեճերի, քննադրական մտածողության խրախուսման, գործատուի միջավայրից բխող առաջադրանքների և պրակտիկայի միջոցով։
Մշտադիտարկման ավարտին Հյուսիսային համալսարանի ղեկավարության հետ քննարկվեցին ուսումնական հաստատության ձեռքբերումներն ու բարելավման հնարավորությունները։ Կարևորվեց, որ նախապես պլանավորվի կրթական ծրագրերի ներքին գնահատման գործընթացը, դասալսումների իրականացումը։ Շեշտադրվեց կրթական գործընթացում արհեստական բանականության կիրառման անհրաժեշտությունը, գնահատման չափանիշների արդիականացումը։ Ընգծվեց օտար լեզուների իմացության մակարդակի բարձրացման ուղղությամբ քայլերի անհրաժեշտությունը։