Մայիսի 30-ին Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի մասնագետները որակի ներքին ապահովման համակարգի մշտադիտարկում իրականացրին Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում։ Նպատակն էր դիտարկել կրթության որակի ներքին ապահովման համակարգի ընթացիկ վիճակը, հավատարմագրման ազդեցությունը որակի ապահովման համակարգի վրա, ինչպես նաև թերությունների վերացման ուղղությամբ իրականացված քայլերը։
Մշտադիտարկման շրջանակներում հանդիպումներ տեղի ունեցան հաստատության ղեկավար կազմի, ամբիոնների վարիչների, դասախոսների և ուսանողների հետ։
Անդրադարձ կատարվեց հետևյալ թեմաներին․
Ռազմավարական պլանավորում և տվյալահենք կառավարում․
Քննարկվեցին ուսումնական հաստատության ռազմավարական առաջնահերթությունները, ռիսկերի կառավարման պլանավորումը, տվյալների հավաքագրման մեխանիզմների արդյունավետությունն ու որոշումների հիմքում ընկած տվյալների վստահելիությունը։
Ուշադրության կենտրոնում էին նաև գործունեության առանցքային ցուցանիշները և դրանց չափման համար կիրառվող որակական ցուցիչները։
Միջազգայնացման ուղղությամբ ձեռնարկվող քայլեր․
Անդրադարձ կատարվեց միջազգային համագործակցությունները խորացնելուն միտված քայլերին։ Քննարկվեցին դասախոսների և ուսանողների օտար լեզվի իմացության մակարդակը, օտար լեզվի տիրապետումը բարձրացնելու նպատակով իրականացվող ծրագրերը, ինչպես նաև միջազգային փոխանակման ծրագրերին և մրցույթներին մասնակցության փորձը։
Կարևորվեց մասնագիտական գրականության ընթերցանությունը օտար լեզվով։
ՄԿԾ-ների բարելավում․
Դիտարկվեցին մոդուլային համակարգի կիրառման արդյունքները, առկա մարտահրավերները և ՄԿԾ-ների բարելավման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։
Մատնանշվեցին դասավանդման բովանդակության ճկունության և մոդուլային համակարգում բաղադրիչների նպատակային համադրման հնարավորությունները։
Ուսանողակենտրոն ուսուցում և հետազոտության զարգացում․
Քննարկվեցին ձևավորող գնահատման կիրառման փորձն ու հնարավորությունները, գնահատման հստակ չափորոշիչների սահմանման գործընթացները, ինչպես նաև հետադարձ կապի ապահովման մեխանիզմները։
Ներկայացվեցին ուսանողների վերլուծական, ստեղծագործական և քննադատական կարողությունների զարգացմանն ուղղված հանձնարարությունների ձևավորման փորձառություններ։
Դիտարկվեց ուսուցման և հետազոտության փոխկապակցվածությունը, ինչպես նաև հետազոտությունը խրախուսելու հնարավոր ուղիները։
Որակի ապահովում․
Դիտարկվեցին որակի ապահովման համակարգի գործունեությունը, գործողությունների տարեկան պլանավորումը և ոլորտային այն առաջնահերթությունները, որոնց վերաբերյալ համակարգը տվյալներ է հավաքագրում՝ տվյալահենք որոշումների կայացումը ապահովելու նպատակով։
Մշտադիտարկման ավարտին ՀԳՊԱ ղեկավարության հետ քննարկվեցին ուսումնական հաստատության ձեռքբերումներն ու բարելավման հնարավորությունները։ Կարևորվեց թվային գործիքների կիրառումը ուսումնական ծրագրերում և դասավանդման գործընթացում, դասախոսների հետազոտական գործունեության խրախուսումը, ինչպես նաև ՄԿԾ-ներում պլանավորման դերի բարձրացումը։