Հունիսի 9-ին Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ) որակի ներքին ապահովման համակարգի մշտադիտարկում իրականացրեց Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում և քոլեջում։ Նպատակն էր դիտարկել կրթության որակի ներքին ապահովման համակարգի ընթացիկ վիճակը, հավատարմագրման ազդեցությունը ինստիտուտի որակի ապահովման համակարգի վրա, ինչպես նաև թերությունների վերացման ուղղությամբ իրականացված քայլերը։
Մշտադիտարկման շրջանակներում հանդիպումներ տեղի ունեցան հաստատության ղեկավար կազմի, ամբիոնների վարիչների, դասախոսների և ուսանողների հետ։
Քննարկման առանցքում հետևյալ հիմնական թեմաներն էին․
- Արդյոք կրթական ծրագրերի ներքին գնահատման մեխանիզմները նպաստում են իրական բարելավումների իրականացմանը։ Քննարկվեց ներքին գնահատման մեխանիզմների գործնական ազդեցությունը, կառուցվածքային վերանայման ու բյուջետային բալանսի կարիքը, ինչպես նաև գնահատման չափանիշների, պիլոտային փոփոխությունների ու առարկայական արդյունքների հստակեցման կարևորությունը։
- Արդյոք հավաստի և պարբերաբար թարմացված տվյալներն օգտագործվում են բուհում և քոլեջում կառավարչական որոշումների կայացման համար։ Անդրադարձ եղավ տվյալների վրա հիմնված որոշումների կայացման պրակտիկային՝ ընդգծելով որակի աուդիտի, ֆոկուս խմբերի, մեթոդների վերանայման, և գնահատման հստակ չափանիշների բացակայության խնդիրները։
- Արդյոք քոլեջի և բուհի կրթական ծրագրերը բովանդակային շարունակականություն են ապահովում՝ քոլեջից բուհ անցման համար։ Քննարկվեց առարկայական բովանդակության համահունչությունը ժամանակակից պահանջներին ու ինտեգրված կրթության կիրառելիությունը, ինչպես նաև գնահատման համակարգերի ու ուսանողակենտրոն մոտեցման կատարելագործման անհրաժեշտությունը։
- Արդյոք բուհի և քոլեջի ծրագրերը բավարար են մարզիչների մասնագիտական զարգացման համար։
Շեշտադրվեց, որ ծրագրերը պետք է ուղղված լինեն մասնագիտական կարողությունների զարգացմանը, քննարկվեց ուսանողների քննադատական մտածողության ձևավորումը, դասախոսության դերը և բոլոր վերջնարդյունքների ստուգմանն ուղղված կառուցվածքային քննության ձևաչափով գնահատման հնարավորությունը։
Մշտադիտարկման ավարտին ՀՖԿՍՊԻ ղեկավարության հետ քննարկվեցին ուսումնական հաստատության ձեռքբերումներն ու բարելավման հնարավորությունները։ Կարևորվեց, որ առաջիկայում իրականացվելիք ինքնավերլուծությունը ծառայի որպես հաջորդ ռազմավարական ծրագրի հիմք։ Շեշտվեց գնահատման չափանիշների հստակեցման, կրթական գործընթացներում ԱԲ արդյունավետ կիրառման անհրաժեշտությունը։ Առաջարկվեց նաև դիտարկել ամփոփիչ ատեստավորման ժամանակ բոլոր վերջնարդյունքների ստուգմանն ուղղված կառուցվածքային քննության ձևաչափի կիրառման հնարավորությունը։