Հոկտեմբերի 31-ին ՈԱԱԿ-ի նախաձեռնությամբ կազմակերպվեց հանդիպում բուհերի պրոռեկտորների հետ՝ քննարկելու բարձրագույն կրթության արդյունավետության ցուցիչների մշակման և կիրառման նոր մոտեցումները։ Քննարկման առանցքում էր այն գաղափարը, որ բուհերի պետական ֆինանսավորումը պետք է հիմնվի արդյունքների վրա՝ արտացոլելով կրթության որակի, կառավարման և ռազմավարական զարգացման իրական արդյունավետությունը։
ՈԱԱԿ-ի տնօրեն Ռուբեն Թոփչյանը նշեց, որ նոր ընդունված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը նախատեսում է բուհերի ֆինանսավորման կատարողականի արդյունքների ցուցանիշների (ԿԱՑ) վրա հիմնված մոտեցում։ Այս մոդելը, որը կիրառվում է եվրոպական կրթական տարածքի առաջատար երկրների կողմից, հնարավորություն է տալիս կրթական համակարգին դառնալ առավել թափանցիկ, հաշվետու և ռազմավարական նպատակներով կառավարվող։
Միևնույն ժամանակ, Ռուբեն Թոփչյանը շեշտեց, որ ԿԱՑ-երը պետք է նպաստեն ոչ թե պարզապես տվյալների հավաքագրմանը, այլ ռազմավարական մտածողության ձևավորմանը բուհերում։ Այդ ցուցիչների միջոցով հնարավոր կլինի գնահատել կրթության արդյունքները, կառավարման գործընթացների արդյունավետությունը և բուհերի ներդրումը երկրի սոցիալ-տնտեսական զարգացման մեջ։
Կատարողականի արդյունքային ցուցանիշների մշակման աշխատանքներ իրականացվում են Erasmus+ KPI4HE ծրագրի շրջանակում, որի համակարգողն է Երևանի պետական համալսարանը։ Մշակված ցուցանիշներն առաջիկայում փորձարկվելու են ծրագրի շահակից բուհերում։ Հանդիպման նպատակն էր ծրագրի շրջանակներում ընտրված ԿԱՑ-երի իրատեսականությունը և կիրառելիությունը քննարկել ավելի լայն մակարդակում՝ բոլոր բուհերի ներգրավմամբ, քանի որ ապագայում ԿԱՑ-երի համակարգը վերաբերվելու է ամբողջ բարձրագույն կրթության դաշտին։
ՈԱԱԿ Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի մասնագետ Անահիտ Տերտերյանը ներկայացրեց տվյալների հավաքագրման այն վեց հիմնական ուղղությունները, որոնց վերաբերյալ KPI4HE ծրագրի շրջանակներում շահակիցները պետք է տվյալներ հավաքագրեն. կադրային ներուժի ձևավորում, համագործակցությունների զարգացում, հավասար հնարավորությունների ապահովում, ուսումնական միջավայրի որակ, կառավարման արդյունավետություն, հետազոտություն և նորարարություն։ KPI4HE ծրագրի շրջանակում ներկայում իրականացվում է ԿԱՑ-երի փորձարկում երկու հիմնական ուղղություններով՝ կադրային ներուժի զարգացում և կառավարման արդյունավետություն, որոնք ընտրվել են՝ հիմք ընդունելով եվրոպական հաջողված մոդելները։
Քննարկման ընթացքում բարձրացվեցին նաև աշխատաշուկայի կարիքների քարտեզագրման, շրջանավարտների զբաղվածության, կրթական ծրագրերի արդիականացման և ուսանողների կարողությունների ձևավորման հետ կապված հարցեր։ Մասնակիցները կարևորեցին միասնական մեթոդաբանության մշակումը, որը թույլ կտա գնահատել բուհերի արդյունավետությունը։
Հանդիպման ավարտին ընդգծվեց, որ ԿԱՑ-երի մշակման գործընթացը պետք է դիտարկվի որպես կրթական համակարգի բարելավման գործիք, ոչ թե վարչական պարտավորություն։ Բուհերի ակտիվ մասնակցությունը, առաջարկությունների ներառումը և տվյալների բաց ու հիմնավորված վերլուծությունը կօգնեն ձևավորել կայուն և արդարացված ֆինանսավորման համակարգ՝ ուղղված կրթության որակի բարձրացմանը և երկրի մարդկային կապիտալի հզորացանը։