Հունիսի 3-6-ը Ֆինլանդիայի Լապենրանտայի տեխնոլոգիական համալսարանում (LUT) անցկացվեց փափուկ հմտությունների զարգացմանը նվիրված աշխատաժողով Էրազմուս+ DeSIRE ծրագրի շրջանակում։ Աշխատաժողովին մասնակցեցին ՈԱԱԿ քաղաքականության մշակման բաժնի մասնագետ Մերի Բարսեղյանը և հասարակության հետ կապերի պատասխանատու Հայկուհի Բարսեղյանը։
Քառօրյա քննարկումների ընթացքում մասնակիցները ծանոթացան մեդիա և թվային գրագիտության, որոշումների կայացման, հուզական և սոցիալական ինտելեկտի, ստեղծարար մտածողության և խնդիրների լուծման հմտությունների զարգացման մեթոդներին, ինչպես նաև կրթության մեջ արհեստական բանականության և խաղայնացման կիրառության հնարավորություններին։
Մասնավորապես՝ անդրադարձ կատարվեց հետևյալ թեմաներին․
- Արհեստական բանականության կիրառությունը կրթության մեջ, որի շրջանակում քննարկվեցին ԱԲ-ի միջոցով ուսուցման, ստեղծագործության և դասավանդման նոր հնարավորությունները,
- Ստեղծարար մտածողության խթանում, որն ընդգրկում էր ուսանողների մոտ նորարար մտածողության ձևավորման մեթոդներ և կրթական միջավայրում այդ հմտությունների զարգացման ուղիներ,
- Խնդիրներ լուծող մասնագետների պատրաստում, որի ընթացքում ներկայացվեցին ուսումնական գործընթացի կազմակերպման այն մոտեցումները, որոնք նպաստում են ուսանողների մոտ վերլուծական մտածողության, ստեղծարարության և ինքնուրույն լուծումներ գտնելու կարողությունների ձևավորմանը։
«Հայաստանի և Վրաստանի բուհերում 21-րդ դարի աշխատաշուկայի պահանջներին համահունչ փափուկ հմտությունների զարգացումը» (DeSIRe) եռամյա Էրազմուս + ծրագիր է (2024-2027), որի նպատակն է ապահովել ներառական և հավասար որակյալ կրթություն և ցկյանս ուսուցման հնարավորություններ բոլորի համար՝ ապահովելով փափուկ և մասնագիտական կարողություններ աշխատանքային կարիերային և շուկայի պահանջներին համահունչ։
DeSIRe ծրագրի շրջանակներում կմշակվեն փոխանցելի կարողություններ ձևավորող մոդուլներ, որոնք կներդրվեն Հայաստանի և Վրաստանի կոնսորցիումի անդամ գործընկեր բուհերում:
Ծրագրի համակարգողը Հ․ Թումանյանի անվան Վանաձորի պետական համալսարանն է: Ծրագրում ներգրավված են 17 գործընկեր կազմակերպություններ և համալսարաններ Հայաստանից, Վրաստանից, Ֆինլանդիայից, Իսպանիայից և Իռլանդիայից։
Ծրագրում որակի ապահովման գործընթացները ծրագրում համակարգում է ՈԱԱԿ-ը Վրաստանի Կրթության որակի բարելավման ազգային կենտրոնի (NCEQE) և Ֆինլանդիայի LUT համալսարանի հետ համագործակցությամբ։