Որակի ապահովման գործընթացում ներքին աուդիտը պետք է դառնա ոչ միայն խնդիրների բացահայտման, այլև հաջողությունների արձանագրման ու տարածման գործիք։ Սա էր հիմնական ուղերձը, որը հնչեց հուլիսի 3-ին՝ բուհերի ներկայացուցիչների մասնակցությամբ կայացած հանդիպմանը։ Շարունակելով նախորդ քննարկման տրամաբանությունը՝ հուլիսի 10-ին Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ) կազմակերպեց հերթական առցանց աշխատաժողովը, որի ընթացքում ներկայացվեցին կրթական ծրագրերի բարելավման երկու հաջողված փորձեր։
Հանդիպման ընթացքում շեշտվեց՝ նման քննարկումներն ուղղված են բուհերի միջև փորձի փոխանակման խթանմանը և արդյունավետ լուծումների ու նախաձեռնությունների տարածմանը։
ԵՊՀ «Կենսաբանություն» կրթական ծրագրի բարելավման փորձը ներկայացրեց Մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ, կենսաբ. գիտ. թեկնածու, դոցենտ Աննա Կարապետյանը:
Երևանի պետական համալսարանը «Կենսաբանություն» մասնագիտության կրթական ծրագրի ներքին աուդիտի շրջանակում իրականացրել է հետևյալ բարելավումները՝
- Միջազգային համադրելիություն՝ բենչմարքինգի միջոցով. Աուդիտի շրջանակում ներգրավվել է միջազգային փորձագետ, և ծրագիրը համեմատվել է Շանհայի վարկանիշում ներառված 6 առաջատար բուհերի համապատասխան ծրագրերի հետ։
- Ուսումնական պլանների և նկարագրիչների վերանայում. Վերանայվել են 12 առարկաների նկարագրիչներ, թեմատիկ բովանդակությունը, ներառվել է նոր «Կենսաինֆորմատիկա» առարկա։
- Կրեդիտատարության և գործնական բաղադրիչի շեշտադրում. Բարձրացվել է լաբորատոր աշխատանքների բաժինը՝ հասնելով 30%-ի, կամընտրական առարկաները կազմում են 20%։
- Գրականության արդիականացում. Ներկայացվել են արդի գիտական աղբյուրներ՝ համապատասխանեցված միջազգային չափանիշներին։
- Մասնագիտական անգլերենի հմտությունների զարգացում. Նախատեսվում է ներդնել «Անգլերեն կենսաբանության մասնագիտության համար» դասընթաց։
- Գործնական հմտությունների ամրապնդում. Նկարագրիչներում ավելացվել են հստակ նպատակներ, վերջնարդյունքներ, դասավանդման մեթոդներ և ժամանակակից գործիքների կիրառման ուղիներ։
- Ուսանողների ակտիվ ներգրավվածություն. Նախատեսվում է ուսանողների ներգրավվածությունը հետազոտական նախագծերում՝ սկսած բակալավրիատի երկրորդ կուրսից։
ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի «Պարեկ» որակավորման ծրագրի բարելավման փորձը ներկայացրեց կրթության որակի ապահովման բաժնի պետ Տիգրան Խաչատրյանը։
«Պարեկ» որակավորման կրթական ծրագրի ներքին աուդիտի արդյունքներով իրականացվել են հետևյալ բարելավումները՝
- Ծրագրի տևողության վերանայում. Ծրագրի տևողությունը 5 ամսից երկարացվել է մինչև 12 ամիս, իսկ մինչև 2027թ. նախատեսվում է հասցնել 2 տարվա։
- Նոր բաղադրիչների ներդրում. Հիմնվել են նոր թեմատիկ բաղադրիչներ, ընդլայնվել են գործնական և սիմուլյացիոն հնարավորությունները։
- Ենթակառուցվածքների զարգացում. Ստեղծվել են հատուկ սենյակներ՝ հմտությունների զարգացման համար։
- Ուսումնական չափորոշիչների վերանայում. Թարմացվել են կրթական չափորոշիչներն ու մոդուլային հավելվածները։
- Դասախոսական կազմի ընտրության բարելավում. Վերանայվել է դասախոսների ընտրության գործընթացը՝ ապահովելով որակական չափանիշներ:
- Շարունակական վերապատրաստում. Ներդրվել են ընթացիկ և իրավիճակային կարճաժամկետ վերապատրաստման ծրագրեր՝ հիմնված իրական դեպքերի վրա։
- Մարզային դասընթացներ. Կազմակերպվել են այցելություններ մարզեր՝ տեղում պարեկների հետ ուսումնական հանդիպումների ձևաչափով։
- Միջազգային համագործակցություն. Ներդրվել է լավագույն փորձի փոխանակման ծրագիր՝ Ուկրաինայի և Վրաստանի գործընկեր բուհերի հետ։
Հանդիպումը եզրափակվեց մասնագիտական քննարկմամբ և հարցուպատասխանով։ Մասնակիցները կարևորեցին, որ առաջիկայում ներկայացվեն նաև ՄԿԾ ներքին աուդիտի իրականացման մեթոդաբանական հաջողված փորձեր՝ ընդլայնելով բարելավումների տեսանելիության դաշտը։
Նշվեց, որ աշխատաժողովները կշարունակվեն նոր ուսումնական տարվա մեկնարկից հետո։