Հունիսի 24-ին ՈԱԱԿ-ը որակի ներքին ապահովման համակարգի մշտադիտարկում իրականացրեց Գլաձոր համալսարանում։
Մշտադիտարկման շրջանակում հանդիպումներ տեղի ունեցան բուհի ղեկավարության, որակի ապահովման պատասխանատուների, դասախոսների և ուսանողների հետ։ Քննարկման առանցքում կրթական ծրագրերի ներքին գնահատումն էր, ինչպես նաև՝ առաջիկա ինստիտուցիոնալ հավատարմագրման նպատակով իրականացվող ինքնավերլուծության շեշտադրումները։
Քննարկվեցին մի շարք առանցքային թեմաներ՝
- Տվյալահենք կառավարում. Քննարկվեց, թե ինչ տվյալների հիման վրա է բուհի ղեկավարությունը որոշումներ կայացնում, ինչպես են տվյալները հավաքագրվում և վերլուծվում, ինչպես են դրանք օգտագործվում բարելավման գործընթացների շրջանակում։
- Հետազոտական գործունեության խրախուսում և բուհի գերակայություններ. Ներկայացվեց, թե ինչ մեթոդաբանությամբ է բուհը խրախուսում ուսանողների և դասախոսների մասնակցությունը հետազոտություններին, որոնք են հետազոտական ուղղությունների գերակայությունները, ինչպես են ուսանողներին տրվող առաջադրանքներում ներառվում հետազոտություն պարունակող տարրեր, ինչպես են ձևավորվում ուսանողների վերլուծական և քննադատական կարողությունները։
- Կրթական ծրագրերի բարելավում և որակավորման արժանահավատություն. Քննարկվեց, թե ինչպես է բուհը համոզվում, որ շնորհվող որակավորումները արժանահավատ են, շրջանավարտները՝ տիրապետում են սահմանված վերջնարդյունքներին։ Ներկայացվեց, թե ինչ մեթոդաբանությամբ է իրականացվում կրթական ծրագրերի վերանայումը կամ նոր ծրագրերի ներդրումը։ Կարևորվեց նաև ավարտական աշխատանքներում հետազոտական բաղադրիչի խորացման և վերջնարդյունքների ձեռքբերման փաստարկված ցուցադրման անհրաժեշտությունը։
- Ուսանողի գնահատում և գործնական ուսուցում. Քննարկվեց ձևավորող գնահատման կիրառման փորձը, ուսանողի կողմից ստացվող հետադարձ կապի կազմակերպման ձևաչափերը, աշխատաշուկայի պահանջներին համապատասխան ուսումնական առաջադրանքների ներառումը, ինչպես նաև պրակտիկաների արդյունավետությունը գործնական հմտությունների ձևավորման տեսանկյունից։
- Արհեստական բանականության կիրառումը կրթական գործընթացում. Քննարկվեցին բուհում ԱԲ գործիքների կիրառման փորձերը՝ ուսումնական գործընթացը լրացնելու և ուսանողների կարողությունները զարգացնելու նպատակով։
Մշտադիտարկման ավարտին բուհի ղեկավարության հետ ամփոփվեցին համալսարանի ձեռքբերումներն ու բարելավման հնարավորությունները։ Շեշտվեց, որ ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացում փորձագետների ուշադրության կենտրոնում լինելու է վերջնարդյունքների ձեռքբերումը։ Ուստի կարևոր է, որ ինքնավերլուծությունը հիմնավոր կերպով վերլուծի և ցույց տա՝ ինչպես է ապահովվում ՄԿԾ-ներում սահմանված վերջնարդյունքների ձեռքբերումը։