Ապրիլի 4-ին ՈԱԱԿ-ում տեղի ունեցավ երկրորդ հանդիպումը ծրագրային հավատարմագրման գործընթացում ընդգրկված հինգ բժշկական քոլեջների ներկայացուցիչների հետ։
Քննարկման առանցքում էին ծրագրային հավատարմագրման յոթ չափանիշներից մեկը՝ Ուսանողի գնահատումը, ինչպես նաև ուսումնական հաստատությունների կողմից ներկայացված SWOT վերլուծությունները։
Շեշտվեց, որ հավատարմագրման չափանիշները ձևակերպված են այնպես, որ հնարավոր լինի կիրառել տարբեր մասնագիտությունների համար, սակայն յուրաքանչյուր քոլեջ պետք է իր ինքնավերլուծության մեջ այդ չափանիշները վերլուծի իր մասնագիտական ոլորտի առանձնահատկություններին համահունչ։
Կարևոր է, որ ուսումնական հաստատությունը ներկայացնի, թե ինչպիսի մասնագետներ է պատրաստում, որքանով են նրանք մրցունակ աշխատաշուկայում, և ինչն է ապահովում այդ մրցունակությունը։
«Քոլեջները պետք է հիմնավորեն, թե ինչ մեթոդներով և որակական չափանիշներով են երաշխավորում, որ շրջանավարտները կդառնան լավ մասնագետներ», – նշեց ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են հետևյալ հիմնական թեմաները.
- Ուսանողի գնահատման առանձնահատկությունները․ յուրաքանչյուր վերջնարդյունք պետք է ստուգվի. Կարևորվեց, որ բուժքրոջ մասնագիտական գնահատումը լինի բազմազան, ընդգրկի տարբեր հմտությունների ստուգում և զարգացում, արտացոլի ՄԿԾ բոլոր վերջնարդյունքները, ապահովի հետադարձ կապ և ներառի ձևավորող գնահատման բաղադրիչներ։ Քոլեջները պետք է հստակ ներկայացնեն, թե ինչպես են ավարտական քննությունների ընթացքում հավաստիանում, որ ուսանողը պահանջված գիտելիքներով և հմտություններով մասնագետ է դարձել։
Շրջանավարտների հետագծի կարևորությունը. Նշվեց, որ շրջանավարտների զբաղվածության և առաջընթացի տվյալները կարող են արդյունավետ գործիք լինել ուսանողների գնահատման համակարգի բարելավման գործընթացում։ - Մասնագիտական գնահատման թերթիկների ներդրումը. Կարևորվեց գնահատման թերթիկների պարբերաբար կիրառումը՝ ուսանողների մասնագիտական կարողությունների ձևավորող գնահատման գործընթացում։
- SWOT վերլուծության մշակման սկզբունքները. Ընդգծվեց, որ վերլուծությունը պետք է լինի հնարավորինս հստակ, հիմնված փաստերի վրա և արտացոլի քոլեջի իրական առանձնահատկություններն ու մրցակցային առավելությունները։ SWOT վերլուծությունը պետք է ընթերցողին հստակ պատկերացում տա քոլեջի մասին՝ դեռ այցելությունից առաջ։
- Ուսանողի գնահատման համակարգի բարելավման մարտահրավերները. Քննարկվեցին քոլեջների ունեցած լավ փորձերը և համակարգի բարելավման առկա մարտահրավերները։ Շեշտվեց հետադարձ կապի և ուսանողների հետ հստակ հաղորդակցության կարևորությունը՝ գնահատման որակի բարձրացման նպատակով։ Ուսանողների կարծիքները պետք է վերլուծվեն՝ պարզելու համար, թե որքանով են նրանք ընկալում գնահատման չափանիշներն ու գործընթացները։
Հանդիպման ընթացքում տեղի ունեցավ մասնագիտական ակտիվ քննարկում, որի արդյունքում բացահայտվեցին քոլեջների ուժեղ և բարելավման կարիք ունեցող կողմերը, ինչպես նաև ընդգծվեց ոլորտային առանձնահատկությունները հաշվի առնելու անհրաժեշտությունը։
Պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակել հանդիպումները՝ աստիճանաբար անդրադառնալով ծրագրային հավատարմագրման բոլոր չափանիշներին։ Հաջորդ հանդիպման ընթացքում կքննարկվեն դասավանդման և ուսումնառության և ռեսուրսների չափանիշները։